Ղազախստանում ընտրատեղամասերի փակմանն ընդառաջ քաղաքացիների մասնակցությունը կազմել է 54.19 %

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Capture

Ղազախստանի Մեջիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) և մասլիխաթների (տեղական ներկայացուցչական մարմիններ) ընտրություններին մասնակցությունը երկրում բոլոր ընտրատեղամասերի փակումից հետո կազմել է 54,19 %։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԿԸՀ փոխնախագահ Կոնստանտին Պետրովը։

Ղազախստանի ողջ տարածքում քվեարկությունն ավարտվել է Աստանայի ժամանակով ժամը 21.00-ին, տեղի է ունենում ձայների հաշվարկ։ Վերջին խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններում, որոնք տեղի են ունեցել 2021 թվականին, ընտրողների մասնակցությունը հասել է 63 %-ի։

Ընտրողների մեծ մասը քվեարկել է երկրի հարավում գտնվող Կիզիլորդի շրջանում (67,21 %), ամենաքիչը՝ Ալմաթի քաղաքում (25,82%)։

Ընտրություններին մասնակցում են Ղազախստանում գրանցված բոլոր յոթ կուսակցությունները՝ «Ամանաթ», Դեմոկրատական «Ակ ժոլ» կուսակցությունը, Ղազախստանի ազգային կուսակցությունը, «Աուիլ» ժողովրդադեմոկրատական հայրենասիրական կուսակցությունը, Համազգային սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, Ղազախստանի կանաչների «Բայտակ» կուսակցությունը և «Respublica կուսակցություն» հասարակական միավորումը։

Մեջիլիսի պատգամավորների 69 մանդատին հավակնող կուսակցությունների 7 ցուցակում ընդգրկված է 281 թեկնածու։ Բացի այդ, հանրապետությունում կազմակերպվել է 29 միամանդատ մեծամասնական ընտրատարածք, որտեղ կպայքարեն ինչպես կուսակցությունների ներկայացուցիչները, այնպես էլ ինքնաառաջադրվածները։

--00—ՅՄ