Խաղաղության մասին ՀՀ վարչապետի պատմած հեքիաթները հօդս ցնդեցին, Բաքուն պատերազմի է գնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

photo_2023-03-19_14-35-58

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նման հայտարարությունը չպետք է անակնկալ լիներ, որովհետեւ վերջին 3 և ավել ամիսների գործընթացները ցույց են տվել, որ ամեն ինչ տանում էր դրան։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Ալիեւի հնչեցրած այն խաղաղության պայմանին, որ Հայաստանը պետք է Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի տարածք։

«Ասուլիսների, հայտարարությունների ժամանակ Ալիեւի մտքերը նույն էին, ուղղակի այս դեպքում շատ հստակ ասաց։ Եթե չեմ սխալվում, Ալիեւը նաեւ ասաց, որ այլապես Հայաստանը կհայտնվի վատ վիճակում։ Նաեւ ահաբեկչական հայտարարություն արեց, որ ճնշում կգործադրեն, ընդհուպ մինչեւ պատերազմ։ Իրատես մարդիկ 2022-ի նոյեմբեր-դեկտեմբերին արդեն հորիզոնում տեսնում էին մոտալուտ վտանգը»,- հավելեց Հակոբյանը։

Իսկ թե այս պարագայում ինչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները, ապա ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ ոչինչ. «Բոլոր բանակցությունները նախ 2018-ին զրո կետից սկսելով՝ ավարտին հասցրին ի վնաս Արցախի և ի օգուտ Ադրբեջանի, նույնիսկ մինչեւ 44-օրյա պատերազմը։ Եվ հիմա իրենց վարած իբրեւ թե բանակցությունները փակուղում են։ Այն միֆերը, այն հեքիաթները, որ պատմում էին Հայաստանի վարչապետը, իշխանությունները խաղաղության մասին, հօդս են ցնդել։

Հիմա իրենք շարունակում են խաղաղության մասին խոսել, մեծ ջանքեր են գործադրում հանրությանն այդպիսի կեղծիք հրամցնելու համար»։

Ըստ քաղաքական գործչի՝ Ադրբեջանը գնում է պատերազմի, եւ այս ընթացքում ինչ գործընթացներ որ տեղի կունենան, Հայաստանի իշխանությունները դրանց հետ կապ չեն ունենա։ «Այսինքն՝ իրենք այլեւս սեղանի շուրջ չեն, երկխոսության մեջ չեն, իրենց ուղղակի բանակցային սեղանի վրա են։ Սուբյեկտ չեն, օբյեկտ են, եւ դրանով պայմանավորված իրադարձությունները, որոնցում ՀՀ իշխանությունները դերակատարություն չունեն, դրանցով էլ կորոշվի այս ամենի ելքը։ Չեմ կարծում՝ ելքը լինելու է ի շահ Արցախի և Հայաստանի։ ՀՀ իշխանություններն այլեւս անելիք չունեն, եթե իրենց անելիքի մասին է խոսքը։ Իրենք արել են իրենց անելիքը, հանձնել են Արցախը, վտանգել են որքան հնարավոր է ՀՀ-ն, իրենց ձեռքով բերել-հասցրել են պատերազմի իրենց պարտվողական կեցվածքով, իրենց օտարածին գաղափարներով և ի շահ Ադրբեջանի աշխատելով»,- եզրափակեց արցախցի պատգամավորը։

Նշենք, որ մարտի 18-ին Ալիեւը գրավյալ Թալիշում սպառնալիքներ էր հնչեցրել ու խաղաղության պայմանագրի պայմաններից խոսել։ «Որպեսզի Հայաստանը խաղաղ ապրի 29000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա, կա մեկ պայման՝ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները, պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, և մեր պայմաններով աշխատեն սահմանազատման վրա»,- նշել էր նա։

Ալիեւը նաեւ հայտարարել էր, որ «օկուպացիայի, պատերազմի հետ կապված իրողությունները, հետպատերազմյան իրողությունները  պետք է արտացոլվեն ու արտացոլվելու են խաղաղության բանակցություններում»։

«Հակառակ դեպքում խաղաղության պայմանագիր չի լինի»,- ընդգծել էր Ադրբեջանի ղեկավարը։

Սերգեյ Առաքելյան

--00—ՅՄ