Ինչու են ապամոնտաժվում խաչերն ու խաչքարերը. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

խաչքար

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Երեկ լուր էինք հրապարակել, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը համայնքապետերին հրահանգ է ուղարկել, որ աջակցեն միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշարձաններն ապամոնտաժելուն։ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում այդ որոշմանը։ «Եթե նման բան կա, պետք է բացատրեն, թե ինչու, տրամաբանությունը ո՞րն է, եւ երկրորդը՝ ավելի լավ է իրենք այդ միջպետական ճանապարհներին եղած ու ընդհանրապե փողոցներին եղած անպետք, կեղտոտ կրպակներով զբաղվեն, որոնք կոչվում են «բուտկա», եւ այն այլանդակ շինարարություններով, որոնք տեղի են ունենում ամեն օր ու առանց որեւէ չափանիշների, առանց որեւէ չափորոշիչների․ իրենց պարտականությունն այդտեղ է ավելիով։ Խաչե՞րն են մնացել ու վնասում իրեն՝ չեմ հասկանում։ Ապօրինի արձաններ էլ կան տեղադրված, ընդ որում՝ իրենց քաղաքական ղեկավարի արձանը, օրինակա՞ն է այն տեղադրված, դա ապամոնտաժելո՞ւ են»,- պատասխանեց սրբազանը։

Տեսակետ կա, որ խաչերն ու խաչքարերը հեռացնում են ճանապարհներից՝ որպես բարեկամության ժեստ Ադրբեջանին, որ եթե մի օր ադրբեջանցիները Հայաստանի ճամփեքով անցնեն, հանկարծ խաչ ու խաչքար չտեսնեն։ «Ես չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ, անկեղծորեն եմ ասում՝ չգիտեմ, ո՛չ որոշումը գիտեմ ինչ է, ո՛չ բովանդակությունը գիտեմ, ո՛չ էլ տրամաբանությունը։ Ամեն ենթատեքստ էլ կարող է լինել»,- արձագանքեց Բագրատ սրբազանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ՍՊ