Մաեստրոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

maestro

Մարտի 9-ին, 78 տարեկանում կյանքից հեռացավ հայ երաժշտական մշակույթի նվիրյալ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ ԿԳՄՍՆ Ոսկե մեդալակիր, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի մեդալակիր, դիրիժորական արվեստի երախտավոր Զավեն Նազարեթի Վարդանյանը: Նա եզակի արվեստագետ էր, որն անքակտելի թելերով կապված էր հայրենի բնաշխարհի ու պատմության, գրականության ու արվեստի հետ։ Գրում է Аravot-ը։

Նրան բնորոշում էին իբրեւ «երաժշտական կյանքի խիղճ»։ Մարդկային ու պրոֆեսիոնալ անուրանալի բարձր հատկանիշները, անկաշառությունն ու պարզությունը նրան դարձրել էին բոլորի հարգանքը վայելող երաժիշտ։ Զավեն Վարդանյանը տեսնում, լրացնում ու նվաճում էր հայ դիրիժորական կատարողական արվեստի բաց տարածքները՝ բարեբեր հունդ ցանելով հայ մշակույթի անդաստանում, լինի՝ օպերային, կամերային, թե՝ սիմֆոնիկ երաժշտություն։ Նա արտիստ էր, բայց իր դիրիժորությունը չէր փոխակերպվում դերասանության։ Նա երաժշտության ասպետ էր, ազնվական-դիրիժոր։

Զավեն Վարդանյանը ծնվել էր 1945 թվականին Հալեպում։ Մեր զրույցներից մեկում նա հիշում էր. «Հայրս պատմում էր, որ ընտանիքի արմատները Անիից են. Ռուբեն իշխան Բագրատունին հավաքել է թագավորական տոհմի ավագ եւ կրտսեր ընտանիքներին ու գաղթել Կիլիկիա»։ Տավրոսյան լեռներ բարձրացողների հետ էին Մաեստրոյի նախահայրերը։ Հիշում էր ու հատուկ ոգեւորությամբ պատմում հայոց հերոսական դրվագներից մեկի մասին. Ուլնիայում կամ Զեյթունում երկու թաղերից մեկը Ղալղալան էր, տեղի իշխանը խոյի մորթին վրան գցած մտնում է թուրքական բանակի փաշայի ճամբարն ու սպանում նրան։

Այդ դեպքից հետո նրան կոչում են Խոյ Հակոբ։ Զավեն Վարդանյանը լավ էր խոսում  Զեյթունի բարբառով. հայրական տանը այդպես էին շփվում։ Այս օջախում առանձնահատուկ տեղում էր երաժշտությունը եւ, երբ 1947 թվականին հայրենադարձվեցին, հայրը Հայաստան էր բերել գրամոֆոնն ու ձայնասկավառակները՝ Սիրիայում թողնելով կահույքը եւ այլ իրեր։ Երեւանյան Զեյթունում է շարունակվելու ապագա երաժշտի մանկությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ