Հարությունյանը մասնակցել է Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության մեկնարկի հետհաշվարկին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

15493_am_4

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի Հյուսիսային պողոտայում մասնակցել է առաջնության մեկնարկի հետհաշվարկի միջոցառմանը:

Ողջունելով մասնակիցներին՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է. «Այսօր մեր ծրագրի կարևոր օրերից է, երբ սեղմելու ենք այն կոճակը, որը տալու է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության հետհաշվարկը: Գիտեք՝ հիմնական մրցումներն սկսելու են ապրիլի 15-ին, իսկ բացման արարողությունը լինելու է ապրիլի 14-ին: Ցանկանում եմ կոչ անել՝ ուշադիր լինել այս ժամկետներին: Երբ սկսվի տոմսերի վաճառքը, անմիջապես ձեռք բերեք, որովհետև բացման արարողության հետ կապված հետաքրքրությունը շատ մեծ է, և ժամկետները բաց թողնելուց հետո շատ քիչ հնարավորություն կարող է լինել տոմս ձեռք բերելու համար»:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջնության խորհրդանիշ է դարձել հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ կենդանիներից մեկը՝ մուֆլոնը, և հետհաշվարկի համար նախատեսված տարածքը, որն ունի նաև զվարճանքի գոտի՝ մուֆլոնների կերպարների մասնակցությամբ, առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում կդառնա երևանցիների, երեխաների ամենասիրված վայրերից մեկը:

Հաջորդիվ տեղի է ունեցել Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների 2023թ. առաջնության մեկնարկի հետհաշվարկի պաշտոնական արարողությունը:

--00—ՅՄ