Հայաստանի՝ 2022-ի տնտեսական աճն արտաքին գործոնների հաշվին էր, քաղաքացին չէր կարող դա զգալ․ տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Ա

Հայաստանում արձանագրված տնտեսականի աճի, կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության և գնաճի վերաբերյալ 24News-ը զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, տնտեսագետ Արամ Մանուկյանի հետ։

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև՝

-Հայաստանը 2022 թ-ը փակեց բավական բարձր տնտեսական աճով: Ինչ ե՞ք կարծում, ինչո՞վ է այն պայմանավորված: Սա կառավարության տնտեսական քաղաքականությա՞ն, թե մեզնից անկախ արտաքին ազդեցությունների հետևանք է:

-Հայաստանը 2022թ․֊ին գրանցել է 12.6% տնտեսական աճ: Մենք այս հարցին կարող ենք նայել մի քանի տեսանկյունից: Օրինակ, եթե դիտարկենք ոչ մասնագիտական տեսանկյունից, ապա, այո, գումարների քանակական աճ տեղի ունեցել է, բյուջեում գումարներն ավելացել են, ՀՆԱ-ն ավելացել է, սակայն ինչի՞ հաշվին, ինչպե՞ս և ի՞նչ կայուն հեռանկար է ձևավորվել հետագայում պերմանենտ աճ ունենալու համար: Մասնագիտական հանրույթին ավելի շատ հետաքրքրում է, թե այս աճն ինչպիսի՞ կառուցվածք ունի, ցուցանիշները որակական ինչպիսի՞ տեղաշարժ են գրանցել:

Տնտեսական աճի հիմնական պատճառ է հանդիսացել ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Հայաստան տեղափոխված ռելոկանտների կողմից առաջացրած տնտեսական ակտիվությունը: Ի՞նչն է պատճառ հանդիսանում նման պնդում անելու, որովհետև երկնիշ տնտեսական աճի հիմնական քարշակ ուժը եղել է ծառայությունների ոլորտը, առևտուրը, շինարարությունը։ Արդյունաբերությունը նույնպես աճել է, սակայն երկնիշ աճի պատճառ չի հանդիսացել: Այսինքն՝ աճը եղել է այն ոլորտներում, որտեղ ակտիվություն է գրանցվել դրսից եկող տուրիստների և ռուս տնտեսվարողների հաշվին: Արդյունքում, 2022թ․-ին Հայաստան դրսից եկող տրանսֆերտների քանակը անգամներով աճել է: Մոտ 5,2 մլրդ դոլար գումար է փոխանցվել Հայաստան, թեև մի մասը դուրս է եկել, բայց այնուամենայնիվ 3 մլրդ դոլարի չափով գումար մնացել է: Բնականաբար, այն պետք է առաջացներ տնտեսական ակտիվություն, ինչն էլ բերել է տնտեսական աճի:

Ընդհանրացնելով, կարող եմ ասել, որ Հայաստանում գրանցված 2022թ․-ի տնտեսական աճը հիմնականում տեղի է ունեցել արտաքին գործոնների հաշվին, ինչը կառավարությունը պետք է ընդունի որպես հիմք, որպեսզի կարողանա հետագայում ճիշտ քաղաքականություն մշակել՝ բարձրացնելով մեր տնտեսական աճի պոտենցիալը:

-Արդյոք  ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին իր կենցաղի վրա զգու՞մ է տնտեսական աճի դրական ազդեցությունը, մարդիկ ավելի լա՞վ են ապրում:

-Հարցին պատասխանելու համար նախ պետք է հասկանանք, թե ինչպիսի մեխանիզմներով է, որ շարքային քաղաքացին զգում տնտեսական աճերը:

Այն, որ տնտեսական աճի արդյունքում ավելացած բյուջեից քաղաքացիների մի մասը ուղիղ տարբերակով գումարներ են ստանում կենսաթոշակների տեսքով, և եթե կենսաթոշակներն անցյալ տարի բարձրացել են միջինը 7%-ով, իսկ միջին գնաճը կազմել է 8,6%, ինչպե՞ս կարող ենք ասել, որ թոշակառուները զգացել են այդ տնտեսական աճը: Կամ եթե համարում ենք, որ Հայաստանի բնակչության մոտ 36%-ը գյուղաբնակներ են, իսկ գյուղատնտեսության բնագավառում անցյալ տարի աճ չի գրանցվել (+0,6%), ինչպե՞ս կարող ենք ասել, որ գյուղատնտեսությամբ զբաղվող անձը զգացել է այդ տնտեսական աճը: Խնդիրներից մեկն էլ այն է, որ տնտեսական աճը հիմնականում տեղայնացված է Երևանում և նրա մերձակա շրջաններում, հիմա ինչպե՞ս կարող ենք ասել, որ մարզաբնակ քաղաքացին զգացել է այդ աճը: Ճիշտ է, դեռևս գործազրկության ցուցանիշը 2022թ․-ի համար վիճակագրական կոմիտեն չի հրապարակել, բայց այն ավելացման միտում ունի: Հիմա ինչպե՞ս կարող է քաղաքացին իր վրա տնտեսական աճը զգալ, եթե գործազրկության մակարդակը ավելանում է: Եվ այդպես կարող եմ շարունակել:

Որպեսզի միջին վիճակագրական քաղաքացին զգա տնտեսական աճը, այն պետք է լինի ներառական ինչպես տարածքային, այնպես էլ՝ տնտեսության ճյուղային առումով:

-Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ֆոնին որո՞նք են մեր համար հնարավորություններն ու վտանգները, արդյոք կառավարությունը կարողանու՞մ է դրանք արդյունավետ կառավարել:

-Թեև ամբողջ աշխարհում պետություների ազգային տնտեսությունները մեծ խնդիրների առաջ են կանգնած՝ բարձր գնաճի, պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ցածր տնտեսական աճի զարգացումներով, այնուամենայնիվ, որոշ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, գրանցում են հետաքրքիր տնտեսական զարգացումներ: Ռուս-ուկրաինական պատերազմական իրավիճակը հնարավորություններ ստեղծեց, որպեսզի մենք օգտվենք դրանից և տնտեսական առումով օգուտներ քաղենք: Ինչպես նշեցի, այս գործոնի հաշվին մենք երկնիշ տնտեսական աճ ապահովեցինք, սակայն այն պետք է հստակ կառավարվի, որպեսզի թույլ չտրվի, որ այդ հնարավորությունները դեֆորմացնեն մեր տնտեսության հետագա աճի կառուցվածքը: Խնդիրն այն է, որ եթե կոնֆլիկտով պայմանավորված այսպես շարունակվեն ֆինանսական հոսքերը, մեր տնտեսությունը կշարունակի աճել այս նույն կառուցվածքով, ինչն այսօր է, որն ական կդառնա մեր տնտեսության տակ դրված՝ պատրաստ պայթելու ամեն հաջորդ վայրկյանին: Խոսքն այն մասին է, որ մեր տնտեսությունը պետք է զարգանա՝ միտված լինելով արտահանման վրա՝ զարգացնելով արդյունաբերության ճյուղը: Իսկ այս պարագայում զարգանում է և զարգանալու է հիմնականում դրսից եկող տրանսֆերտների հիման վրա: Այդպիսի օրինակ ունեցել ենք 2002-2008թթ․-ին, երբ գրանցում էինք երկնիշ տնտեսական աճեր, սակայն 2009թ․-ի տնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ մեր տնտեսությունը չունի երկնիշ տնտեսական աճ գրանցելու պոտենցիալ և զարգանում է զուտ դրսից եկող ֆինանսական հոսքերի հիման վրա՝ չստեղծելով հետագա կայուն աճի տնտեսական հիմքեր: Եվ 2009թ․-ի տնտեսական անկումը աշխարհում երրորդ վատագույն ցուցանիշն էր:

Ի դեպ, հնարավոր է, որ այսօր էլ այդ նույն տնտեսական ճգնաժամի դեմ հանդիման ենք, քանի որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամերիկյան երեք խոշորագույն բանկերի սնանկացման պատճառով կարող է նոր տնտեսական ճգնաժամ հասունանալ:

-Արտարժույթի՝ դոլարի և եվրոյի անկումը շարունակվում է:​ Ինչպիսի՞ էֆեկտ այն ունի մեր տնտեսության ու քաղաքացիների վրա:

-Դոլարի և եվրոյի անկումը մեծ խնդիրներ է առաջացրել մեր արտահանելի հատվածի վրա, արդյունքում, մեր տեղական ապրանքները թանկացել են միջազգային շուկայում՝ դրանով դառնալով ոչ մրցունակ: Իսկ մենք գիտենք՝ ինչ դեր ունի արտահանելի հատվածը մեր տնտեսության մեջ: Եթե լսենք մեր կառավարության հայտարարությունները, ապա կտեսնենք, որ նրանք անընդհատ թմբկահարում են արտահանման աճի ցուցանիշները, որ արտաքին առևտուրը աճել է 70%-ով։ Սակայն այդ աճը ոչ մի աղերս չունի մեր արդյունաբերության մեջ արտահանելի հատվածի աճի հետ։ Արտաքին առևտրաշրջանառությունը հիմնականում աճել է վերաարտահանման շնորհիվ։ Այսինքն՝ կապված է ՌԴ-ում առևտրային շղթաների փլուզման հետ․ երրորդ երկրներից ապրանքը ներմուծվել է Հայաստան, այնուհետև այն արտահանվել ՌԴ: Այսինքն՝ մենք տեղական արդյունաբերությունը զարգացնելու փոխարեն զբաղվում ենք առևտրով, օրինակ՝ Թուրքիայից լոլիկ ենք ներմուծում ու վերաարտահանում ՌԴ:

Դոլարի և եվրոյի արժեզրկումը մեր ազգային արժույթի համեմատ ՀՀ տնտեսության մեջ մի դեր ևս խաղաց: ՀՀ կառավարությունը այն դարձրեց գնաճի դեմ պայքարելու գործիք՝ անտեսելով, որ արտարժույթի արժեզրկումը մեծ հարված է հասցնում տնտեսության գերակա ճյուղ հանդիսացող ՏՏ ոլորտին:

Այո, կառավարությանը հաջողվեց այդ գործիքով դանդաղեցնել գնաճը, սակայն այն իր բացասական ազդեցությունը կթողնի հետագայում, երբ բոլոր երկրներում գնաճը կդանդաղի, իսկ դրա միտումը արդեն զգացվում է։ Սակայն մեր երկրում այն կշարունակի աճել, քանի որ գնաճը ֆունկցիա է արտարժույթի կուրսի հետ: Ինչպե՞ս է այն գործելու: Երբ ֆինանսական հոսքերը դանդաղեն, արդյունքում դոլարի և եվրոյի փոխարժեքը կբարձրանա, որի հետևանքով՝ փոխարժեքով պայմանավորված, ներմուծվող ապրանքների գինը մեր շուկայում կթանկանա: Այսինքն՝ այն քաղաքական կապիտալը, որ մեր կառավարությունը ձեռք բերեց արտարժույթի կուրսով պայմանավորված գնաճի համեմատաբար ցածր տեմպը պահելով, ի չիք է դառնալու, երբ հետագայում էլի գնաճ ունենանք փոխարժեքի բարձր կուրսի պայմաններում:

-Արդյո՞ք կառավարությունն ադեկվատ քայլեր անում է գնաճի զսպման համար:

-Շատ դժվար է գնաճի տեմպի կրճատումը, երբ տնտեսական աճ կա: Գնաճի կարգավորման հիմնական ֆունկցիան դրված է կենտրոնական բանկի վրա, սակայն կառավարությունն իր հարկաբյուջետային քաղաքականությամբ պետք է աջակցի Կենտրոնական բանկին և ձեռք ձեռքի տված՝ կարողանան դիմագրավել այդ խնդրին: Կենտրոնական բանկը, թերևս, իր ֆուկցիան կատարել է՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով այն 10,75%: Իսկ կառավարությունը ֆիսկալ քաղաքականությամբ խթանում է շուկայի զարգացմանը՝ դեմ գնալով կենտրոնական բանկի քաղաքականությանը: Ի՞նչ է անում կենտրոնական բանկը․ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ փաստորեն, թանկացնում է փողը, թուլացնում է պահանջարկը՝ ճնշելով տնտեսական զարգացումը: Իսկ ի՞նչ պետք է աներ կառավարությունը: Կառավարությունը պետք է ագրեսիվ հարկաբյուջետային քաղաքականություն իրականացներ և թուլացներ այն ոլորտը, որտեղ հոսել են դրսից եկող գումարները՝ առաջացնելով «բում»: Հիմնական միջոցը կոշտ հարկային վարչարարության մեթոդն է, որով կսառեցներ տվյալ ոլորտում գերշահույթների ստացումը: Սակայն, ինչպես վերևում նշեցիննք, գնաճի դեմ պայքարն ավելի շատ եղել է արտաժույթի կուրսի թուլացումով։

--00—ԱՊ