Ալիևն ուզում է օգտվել ռեգիոնում առանցքային խաղացողների թեժ պայքարից ու էսկալացիայի դիմել. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Քանի որ ռեգիոնում թեժանում է առանցքային խաղացողների միջև դիմակայությունը, Ալիևը տեսնում է, որ մեծ հնարավորություն ունի օգտագործել Հայաստանի նկատմամբ իր ռազմական և տնտեսական առավելությունը և քաղաքական օրակարգ պարտադրել, սա բարձրացնում է էսկալացիայի ռիսկը: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

Քաղաքագետի համոզմամբ, ռեգիոնալ կայունության տեսանկյունից ՀՀ-ն պետք է բարձրաձայնի բոլոր խաղացողների միջև միջազգային բոլոր դերակատարների պատասխանատվությունը, չպետք է մեկից ավել մեծ պատասխանատվություն պահանջել, մյուսից՝ քիչ: «ՀՀ-ն ու Ադրբեջանը երբ մասնակցել են ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի հովանու ներքո կազմակերպված հանդիպումներին, պարտավորվել են, որ Արցախյան հարցը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, բայց տեսնում ենք, որ Ադրբեջանը շեղվել է այդ պարտավորությունից, ըստ այդմ՝ պետք է դնել Եվրոպայի խորհրդի առաջ շատ պարզ հարց՝ եթե ստանձնում եք միջնորդությունը, ի վիճակի՞ եք Ադրբեջանին բերել պատասխանատվության դաշտ, եթե Ադրբեջանը պետք է ուժ կիրառի և պատասխանատվության չենթարկվի, սա չի կարող լինել խաղաղ կարգավորման ճանապարհ:

ԱՄՆ դիվանագետները, պետքարտուղարության խոսնակը չեն կարող ստանձնել մի պրոցեսի մոդերատորություն, հետո ասել՝ մենք միջնորդ չենք: Պարզ է, որ դա իրենց շահերից բխող միջնորդություն է, ինչին մենք դեմ չենք, չենք կարող ասել՝ մի եկեք այս տարածաշրջան, բայց պետք է հարցադրում անել՝ եթե նստեցնում եք մեզ խոսելու, ուրեմն պետք է հստակ ընդգծել, եթե Բաքուն դիմի հարձակման, ի՞նչ կվճարի դրա դիմաց»,- ընդգծեց քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ