Զավեն Վարդանյանը եզակի հայրենասեր արվեստագետ էր, նրան բնորոշում էին իբրև «երաժշտական կյանքի խիղճ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

Capture

77 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայ երաժշտական մշակույթի նվիրյալ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժորական արվեստի երախտավոր Զավեն Վարդանյանը:

Իր կենսագրությամբ Զավեն Վարդանյանը մթնոլորտ ստեղծող երաժիշտ էր. եկել էր այն ժամանակից, երբ յուրաքանչյուր ստեղծագործ կարող էր բացահայտել իր հնարավորությունները, ասել երկրի հոգևոր կյանքում: Եզակի հայրենասեր արվեստագետ էր՝ կապված հայրենի բնաշխարհի ու պատմության, գրականության ու արվեստի հետ։ Նրան բնորոշում էին իբրև «երաժշտական կյանքի խիղճ»։ Մարդկային ու պրոֆեսիոնալ անուրանալի բարձր հատկանիշները, անկաշառությունն ու պարզությունը նրան դարձրել էին բոլորի հարգանքը վայելող երաժիշտ։

Զավեն Վարդանյանը տեսնում, լրացնում ու նվաճում էր հայ դիրիժորական կատարողական արվեստի բաց տարածքները՝ բարեբեր սերմեր ցանելով հայ մշակույթի անդաստանում՝ լինի՝ օպերային, կամերային, թե՝ սիմֆոնիկ երաժշտություն։ Նա արտիստ էր, բայց իր դիրիժորությունը չէր փոխակերպվում դերասանության։ Նա էլեգանտ-դիրիժոր էր, ազնվական-դիրիժոր։

Զավեն Վարդանյանի դիրիժորական ներաշխարհը խոշոր, զանգվածային հնչողություններն էին. միշտ իրեն համարել է օպերային-սիմֆոնիկ դիրիժոր, այլ խնդիր է, որ ավելի շատ զբաղվել է կամերային երաժշտությամբ: Հենց նրա շնորհիվ առաջ եկան հայ ստեղծագործական դպրոցի փայլուն անուններ: Նա գիտակցում էր կոմպոզիտորի կյանքում դիրիժորի կարևորագույն դերը։ Զավեն Վարդանյանը մեզանում Յ․ Ս․ Բախի վոկալ-գործիքային ստեղծագործությունների․ Վ․ Ա․ Մոցարտի «Առևանգում սերալից», «Կախարդական սրինգ» օպերաների համերգային կատարմամբ առաջին կատարողներից է եղել։

Զավեն Վարդանյանի բնորոշմամբ՝ իր երաժշտական աստվածները խոսում են գերմաներեն: Իր համար Բախը, Բեթհովենը, Վագներն առանձնահատուկ են։ Այս կոմպոիզտորներից է ստացել հոգևոր սնունդ՝ որոնումների ճանապարհին, աշխարհահայացքի ձևավորման հարցերում: Դիրիժորը վստահ էր, որ նրանք տիեզերական այլ երևույթ են։ «Ոչ ոք երաժշտական տարածքն այնպիսի սրբազնագույն երկյուղածությամբ չի բնութագրել, Արարչին այդպես չի փառաբանել, ինչպես Բախը։ Դրամատիկ ուժով չի բնորոշել, ինչպես՝ Բեթհովենը, և այդ ամբողջ տարածքը հագեցրել տարաբնույթ զգացմունքների վեհությամբ, ինչպես Վագները»,-ասում էր Զավեն Վարդանյանը:

Կոնսերվատորիայի հետ նրա կյանքը սկսվել է ուսանողական տարիներից: Մեր ԲՈՒՀ-ը Մաեստրոն ավարտել է երկու մասնագիտությամբ. 1970 թ., որպես ալտահար, պրոֆ. Արամ Շամշյանի մասնագիտական դասարան և 1974 թ. սիմֆոնիկ և օպերային խմբավարության մասնագիտացմամբ պրոֆ. Միքայել Մալունցյանի դասարան: Ավելացնենք, որ իր կյանքի որոշիչ դիրիժորն է եղել ականավոր Օհան Դուրյանը: Ի դեպ, Զավեն Վարդանյանը նրա առաջին ու միակ սանն էր: Ուսմանը զուգահեռ եղել է Հայֆիլհարմոնիայի կվարտետի ալտահարը /1965-1966 թթ./ և Հեռուստատեսության և Ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ /1966-1970 թթ./: 1979 թ. հիմնել և 19 տարի ղեկավարել է Երևանի կամերային նվագախումբը, այն 1997 թ. միավորվեց Հայաստանի պետական կամերային նվագախմբին, և Զավեն Վարդանյանը դարձավ վերջինիս դիրիժորը:

Կոնսերվատորիայի մի քանի ամբիոններում Զավեն Վարդանյանը որոշ ընդմիջումներով աշխատել է 1992–2019 թթ.: Սկիզբը Օպերային պատրաստման ամբիոնի դասախոսի և Օպերային ստուդիայի գլխավոր դիրիժորի նշանակումն էր: 1994 թ. տեղափոխվել է կամերային անսամբլի և կվարտետի ամբիոն, ապա աշխատել է մեծանուն Գոհար Գասպարյանի ղեկավարած Մեներգեցողության ամբիոնում /1996թ, դոցենտ՝ 1999 թ./ ՝ վարելով «Վոկալ անսամբլի» դասընթացը: Ակտիվ համերգային գործունեությամբ երաժիշտը ստիպված է եղել իր մանկավարժական կենսագրությամբ մեջ ունենալ երկարատև գործուղումներ, բայց գրեթե միշտ վերադարձել է սիրելի կոնսերվատորիա: Նրա նպատակն էր Կամերային երգեցողության /հատկապես, գերմանակն երգի՝ lied-ի, կանտատի, օրատորիայի/ մասին իր գիտերլիքները փոխանցել ուսանողներին:

Զավեն Վարդանյանն իր ամբողջ էությամբ ուսուցիչ էր․ անգամ ամենատարբեր ընկերությունների («Բախյան», «Գերմանական-ավստրիական երաժշտության բարեկամներ», «Վագներյան», «Շեքսպիրյան») հիմքում դրված նպատակները իրականացնում էր ուսանողների, մասնավորապես՝ վոկալիստների հետ աշխատանքով՝ թե օպերայում, թե համերգային ելույթներում։

Նա երջանիկ էր, երբ կանգնում էր մեծ նվագախմբի առաջ, և իր գիտելիքը, ընկալումը մոտեցումը, հաղորդում նվագախմբին: Աշխատանքը սիրելու վառ օրինակ լինելով՝ օգնում էր երաժշտին դուրս գալ իր «ես»-ից, արթնացնել ավելին անելու ներուժ:

Զավեն Վարդանյանի հոգեհանգիստը՝

ՄԱՐՏԻ 11-ին, ժամը 17։30,

Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կոնդ)

Վերջին հրաժեշտը և հուղարկավորությունը`

ՄԱՐՏԻ 12-ին, ժամը 11։00-13։00-ը՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն:

--00—ՅՄ