Հովիկ Աղազարյանի հետ վիճաբանած քաղաքացին ազատ է արձակվել. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Երեկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ առևտրականի միջև տեղի ունեցած քաշքշուկի գործով ձերբակալված անձն ազատ է արձակվել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ «Անձին այլևս արգելանքի տակ պահելու անհրաժեշտություն չի եղել, ազատ է արձակվել, քննությունը շարունակվում է, այս պահի դրությամբ որևէ անձի նկատմամբ մեղադրանք չի ներկայացված, քրեական հետապնդում չկա»,- պարզաբանեց Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն առավոտյան Տիգրանյան փողոցով անցնելիս նկատել է, որ երթևեկելի հատվածում մի առևտրական կարտոֆիլ է վաճառում, մոտեցել է նրան, ասել, որ հեռացնի ավտոմեքենան, սակայն վերջինս հրաժարվել է, և միմյանց հետ վեճի են բռնվել ինչի արդյունքում քաշքշուկ է եղել, դեպքի վայր է եկել ոստիկանությունը, նրանք գնացել են բաժանմունք և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել:

Նշենք, որ Քննչական կոմիտեից էլ հաղորդել էին, որ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 297 հոդվածի 1-ին մասի՝ հատկանիշներով (Խուլիգանություն հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը): ՔՊ-ական պատգամավորը տուժող էր ճանաչվել, իսկ առեւտրականը՝ ձերբակալվել։

--00—ԶՀ