Միջազգային համագործակցության համատեքստում ՄԻՊ-ը շարունակել է ընդլայնել գործունեության ոլորտները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

eb35b632d51cc27f6a88c9f2f7f379d5

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը (2022թ. փետրվար-2023թ. հունվար) հունվարի 24-ին հրապարակել է Պաշտպանի գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդումը: Այն ներկայացնելու համար պատրաստվել են ամփոփ գրառումներ, որոնք ներկայացնելու են ՄԻՊ-ի գործունեությունը՝ ըստ ոլորտների։

Միջազգային շփումներ, համագործակցության ծրագրեր, փոխըմբռնման հուշագրեր (մաս 2)

Միջազգային համագործակցության համատեքստում Պաշտպանի հաստատությունը շարունակել է ընդլայնել գործունեության ոլորտները՝ կնքելով փոխըմբռնման նոր հուշագրեր: Մասնավորապես, 2022թ.-ի ընթացքում Պաշտպանի հաստատությունը ստորագրել է թվով 3 համագործակցության հուշագիր.

Նոյեմբերի 3-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ուղղված Նիդերլանդների Թագավորության կառավարության կողմից ֆինանսավորվող «Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի իրականացմանը՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում ահագնացող արագությամբ ատելության խոսքի ծավալման փաստը, ներառյալ՝ մեդիայով ու համացանցային այլ ռեսուրսներով:

Դեկտեմբերի 13-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը ստորագրել են համագործակցության հուշագիր ուղղված «Գենդերային հավասարության խթանում Հայաստանի իրավապահ համակարգում» ծրագրի իրականացմանը՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Ծրագրի նպատակն է, ի թիվս այլնի, նախնական իրազեկվածության բարձրացման, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և օրենսդրական փոփոխությունների առաջարկման միջոցով Հայաստանի իրավապահ համակարգում գենդերային հավասարության խթանումը, այդ թվում՝ ՀՀ պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության ընդլայնումը։

Դեկտեմբերի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Շվեդիայի Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Համագործակցության հիմնական նպատակն է նպաստել ՀՀ-ում մարդու իրավունքների ոլորտի օրենսդրության և ստանդարտների բարելավմանն ու առավել արդյունավետ կիրառմանը:

2023 թվականին, ըստ նախնական երկկողմ պայմանավորվածության, մշակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Եթովպիայի մարդու իրավունքների հանձաժողովի միջև համագործակցության հուշագրի նախագիծ և ներկայացվել եթովպական կողմի հաստատմանը:

Հայաստանի Հանրապետության Կառավարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրված 2021-2023 թվականների գործողությունների ծրագիրը հիմք ընդունելով՝ Պաշտպանի աշխատակազմը՝ երեխաների իրավունքների խախտումների կանխարգելմանը և պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով  ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ  համագործակցությամբ իրականացրել է «Երեխաների և երիտասարդների պաշտպանության բարելավում և մասնակցության խթանում» ծրագիրը:

Ծրագիրն ուղղված է Պաշտպանի աշխատակազմում Կոնվենցիայով նախատեսված մոնիտորինգի գործառույթի զարգացմանը՝ նպաստելով ընտանիքում, դպրոցում, հաստատություններում և երեխաներին առնչվող այլ ոլորտներում լատենտ բռնության բացահայտմանը, ինչպես նաև երեխաների մասնակցության խթանմանը:

--00—ՅՄ