Ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի հետևանքով անհետ կորած զինծառայող չկա. ՔԿ-ն հերքում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

azat

Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրդեհի հետևանքով զինծառայողի՝ անհետանալու մասին տեղեկությունն իրականությանը բացարձակապես չի համապատասխանում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից՝ հերքելով այդ տեղեկությունը:

Նշենք, որ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Ազատ գյուղում տեղակայված վաշտի կացարանի ողբերգական հրդեից հետո զինվոր է անհետացել, որին փնտրել են ՀՀ ԱԱԾ-ն և ԶՈՒ հակահետախուզությունը։

«Կրակը հանգցնելուց անմիջապես հետո ԱԱԾ պահանջով արգելվել է կացարան մտնել, անգամ ոստիկանններին արգելել են խոսել ներկաների և վկաների հետ, հրշեջներին, ԱԻՆ-ի աշխատողներին թույլ չեն տվել մտնել ներս և որևէ բանի դիպչել։ ԱԱԾ-ն ու հակահետախուզությունը զինվոր են փնտրել, ո՞վ է եղել այդ զինվորը, գտա՞ն այդ զինվորին, չգտա՞ն, սպանվա՞ծ է, թե՞ կենդանի, գերի՞ է, ոչ ոք ինֆորմացիա չունի, թաքցվում է այդ ինֆորմացիան,- հայտարարել էր Վոլոդյա Հովհաննիսյանը:

Աղբյուրը կապ հաստատեց վարույթն իրականացնող մարմնի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք որևէ զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է: ՔԿ-ից հերքեցին տեղեկությունը՝ նշելով, որ այն բացարձակապես իրականությանը չի համապատասխանում:

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու գտնվում է հիվանդանոցում։ Տուժող կողմը հայտարարել է, որ չի վստահում պաշտոնական վարկածին ու սկսել են սեփական հետաքննությունն իրականացնել։
 

--00—ՍՊ