Մեր երկրները չունեն որևէ քաղաքական խնդիր միմյանց հետ, ընդհակառակը․ Ճապոնիայի դեսպանը՝ ՀՀ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

57144_b

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահ Խաչատուրյանը ողջունելով դեսպանին շնորհավորել է Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ. «Մեր հանդիպման առիթն ուրախալի է, քանի որ Ճապոնիան պատրաստվում է նշել Ազգային տոնը՝ Նորին գերազանցություն Նարուհիտո կայսեր ծննդյան օրը և այս կապակցությամբ իմ լավագույն ցանկություններն եմ հղում Ճապոնիայի ժողովրդին և մաղթում եմ կայսրին քաջառողջություն և բարեկեցություն»,- ասել է Հանրապետության նախագահը:

Դեսպան Մասանորին շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորանքի խոսքերի համար շեշտել է, որ կարևորում է Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու սերտացումը:

«Կարծում եմ, որ չնայած մեր երկրների միջև առկա հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, այնուամենայնիվ այդ հարաբերությունները զարգացման ավելի մեծ ներուժ ունեն և երկուստեք պետք է ջանքեր գործադրենք այդ ուղղությամբ: Մեր երկրները չունեն որևէ քաղաքական խնդիր միմյանց հետ, ընդհակառակը՝ առկա է մեծ պոտենցիալ կրթական, մշակութային և առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար»,- շեշտել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ճապոնական փոխգործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Անդրադարձ է արվել սեյսմակայուն շինարարության, ատոմային էներգիայի շահագործման բնագավառներում ճապոնական փորձի կիրառման գործնական հնարավորություններին:

Զրույցի ընթացում անդրադարձ է կատարվել «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի կազմակերպական աշխատանքներին և վերջինիս Հայաստանի բարձր մակարդակի ներկայացվածության հարցերին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ իր հնարավորությունների շրջանակում պատրաստակամորեն կաջակցի ինչպես Օսակայում կայանալիք ցուցահանդեսին Հայաստանի արժանվույնս ներկայացված լինելու գործընթացին, այնպես էլ հայ-ճապոնական համատեղ ծրագրերի իրականացմանը:

Հանրապետության նախագահը դեսպանին մանրամասներ է հաղորդել տարածաշրջանային հիմնախնդիրների՝ մասնավորապես Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վտանգների վերաբերյալ:

Իր խոսքում դեսպան Մասանորին ընդգծել է, որ Ճապոնիան պաշտպանում է տարածաշրջանային հիմնախնդիրները բացառապես խաղաղ և դիվանագիտական ուղղությամբ լուծելու սկզբունքը, ինչպես նաև կարևորում Լաչինի մարդասիրական միջանցքի բնականոն գործունեության վերականգնումը:

--00—ՅՄ