«Համերը» վնասել է 3 պարեկային և 8 քաղաքացական մեքենա. մոտը հայտնաբերված թմրամիջոցը «Մեթամֆետամին» էր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Փետրվարի 10-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, «Համեր» մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել է Աբովյան փողոցում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված վայրով, վրաերթի է ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել է պարեկային 3 և քաղաքացիների 8 մեքենաներ։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Այս ամենը կանխելու և մեքենայի ընթացքը կանգնեցնելու համար գործադրվել է հրազեն «Համերի» անվադողերի ուղղությամբ։ Վարորդը, թողնելով մեքենան, Ագաթանգեղոս փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ դիմել է փախուստի:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբեր՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ «Համերը» շահագործել է Արարատի մարզի Արարատ գյուղի 1997 թվականին ծնված մի բնակիչ։

Նա հայտնաբերվել է Խորենացու փողոցում, ձերբակալվել և ներկայացվել նախաքննական մարմին։

Ձերբակալվածի անձնական խուզակությամբ հայտնաբերվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող բյուրեղանման զանգված:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: Ճշտվել է վարորդի ինքնությունը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:

--00—ԼՄ