Լիբանանը բացում է օդային տարածությունն ու նավահանգիստները, որպեսզի արտակարգ օգնությունը հասնի Սիրիա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

1103622.jpg

Լիբանանն այսօր հայտարարել է իր օդային տարածությունը և ծովային նավահանգիստները բացելու մասին, որպեսզի հարևան Սիրիա հասնի արտակարգ մարդասիրական օգնությունը:

Ինչպես մամուլի ասուլիսում ընդգծել է հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Ալի Համիեն, այս որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով, որ Դամասկոսի դեմ գործում են ԱՄՆ-ի և Եվրամիության տնտեսական պատժամիջոցները, և շատ երկրներ ու կազմակերպություններ ձեռնպահ են մնում Սիրիայի իշխանությունների հետ անմիջական շփումներից։ Այս մասին հաղորդում  է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: «Կառավարության կարգադրությամբ բոլոր նավագնացային ընկերությունները, որոնք ապրանքներ և տեխնիկա կփոխադրեն Սիրիայի համար, ազատվում են Լիբանանի նավահանգիստներում տուրքեր վճարելուց», - նշել է Համիեն։

Նրա խոսքով՝ նույնպիսի արտոնություններ են գործում Բեյրութի միջազգային օդանավակայանում օդային փոխադրումների համար: «Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել եղբայրական սիրիացի ժողովրդի համար փորձությունների պահին», - ընդգծել է  նախարարի պաշտոնակատարը: Նա հայտնել է, որ Հալեպ և Լաթաքիա են մեկնել լիբանանցի փրկարարների խումբը Քաղաքացիական պաշտպանության ծառայությունից, բանակի ինժեներական ստորաբաժանումը, կամավորներ Լիբանանի Կարմիր խաչի ընկերությունից և մասնավոր բարեգործական կազմակերպություններից։

Փետրվարի 6-ին 4,9 մագնիտուդ հզորությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել հենց Լիբանանում։ Ինչպես հայտնել է ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Բասսամ Մավլավին, զոհեր և տուժածներ չկան, սակայն վնաս է հասցվել մի քանի շենքերի, մասնավորապես՝ Տյուրոսում, որտեղ տարհանվել են շենքերից մեկի բնակիչները։ Մի շարք վայրերում վնասվել են ավտոճանապարհները:

--00—ԶՀ