ՀՀ-ի համար կարևոր է Գերմանիայի դիրքորոշումը ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցում․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

նկար

Փետրվարի 7-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչպես արդեն հայտնել ենք, հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ, որից հետո Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ ասուլիսով: Նախարար Միրզոյանն անդրադարձել է Հայաստան-Գերմանիա հարաբերություններին։

«Հարգելի տիկի՛ն նախարար,

Հարգելի՛ գործընկերներ,

Նախ, ցանկանում եմ իմ գործընկեր տիկին Բերբոքին շնորհակալություն հայտնել հրավերի, ջերմ ընդունելության, ինչպես նաև արդյունավետ քննարկումների համար:

Բայց մինչ մեր օրակարգին անդրադառնալը, ես ևս իմ ցավակցությունները հայտնեմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Ցանկանում եմ ցավակցություններ հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

Ուզում եմ նշել, որ չնայած հարաբերությունների և իրողությունների ողջ բարդությանը, Հայաստանի Հանրապետությունն իր օգնության ձեռքն է մեկնել և հումանիտար աջակցության պատրաստակամություն է հայտնել և՛ Թուրքիային, և՛ Սիրիային:

Մենք՝ որպես 1988թ. մեր տարածքում ավերիչ երկրաշարժ տեսած ազգ, կարևորում ենք, որ բնական աղետների ժամանակ որևէ հասարակություն միայնակ չմնա:

Հարգելի՛ գործընկերներ,

Ուզում եմ նշել, որ մենք այսօր գոհունակությամբ արձանագրել ենք Հայաստան-Գերմանիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել ենք ժողովրդավարական արժեքների և ընդհանուր ընկալումների վրա հիմնված երկկողմ համագործակցության ընդլայնմանը, կարևորել ենք Հայաստանում տեղի ունեցող մեծածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Գերմանիայի աջակցությունը, ինչպես նաև՝ քննարկել ենք բազմակողմ հարթակներում ակտիվ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Բնականաբար, քննարկել ենք հայ-գերմանական առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր՝ հատկապես հաշվի առնելով, որ Գերմանիան ԵՄ-ում մեր հիմնական առևտրային գործընկերն է, և գերմանական կապիտալը ներկայացված է Հայաստանի տնտեսության մեջ: Մենք պետք է աշխատենք երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճի դրական դինամիկան ապահովելու, պահպանելու, ներդրումները խթանելու և նոր գործարար կապերը ակտիվացնելու ուղղությամբ։

Երկկողմ օրակարգում, իհարկե, կարևոր տեղ է զբաղեցնում նաև ֆինանսական և տեխնիկական համագործակցությունը: Եվ մենք արժևորում ենք գերմանական GIZ գործակալության և KFW բանկի գործունեությունը Հայաստանում:

Մարդկանց միջև շփումների խթանման համատեքստում, իհարկե, մեզ համար կարևոր է Գերմանիայի դիրքորոշումը ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում առաջընթացի համար:

Շարունակելով Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության թեման՝ նշեմ, որ հանդիպման օրակարգում էին գործընկերության ընդլայնման կարևոր հարցեր, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված ուղղություններով, Արևելյան գործընկերության շրջանակներում և այլ հարթակներում ու ձևաչափերով, որտեղ մենք համագործակցում ենք:

Օգտվելով առիթից՝ կցանկանայի ևս մեկ անգամ մեր գոհունակությունն ու երախտիքը հայտնել Եվրոպական միությանը Հայաստանում նոր՝ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշման կապակցությամբ: Համոզված ենք, որ այս առաքելությունն էական դերակատարում կունենա մարդկային անվտանգության և տարածաշրջանում կայունության հաստատման գործում, ինչպես նաև՝ առկա իրավիճակն օպերատիվ և հավաստի կերպով ԵՄ անդամ երկրների մեր գործընկերներին ներկայացնելու հարցում»:

Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։

--00—ԼՄ