Եթե Բաքուն չկատարեց Լաչինի մասով Հաագայի դատավճիռը, կլինեն ծանր քաղաքական հետևանքներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

Զ

Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարանի դատական ակտերը կայացվում են ՄԱԿ-ի անունից, ՄԱԿ անդամ բոլոր երկրների անունից, որոնք երաշխավոր են այդ դատական ակտի կատարմանն իրենց ամբողջ ռեսուրսներով։ Այս մասին 24News-ին ասաց փաստաբան, իրավապաշտպան ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Հաագայի դատարանում Հայաստանի ներկայացրած (Լաչինի միջանցքի բացման հարցով) հայցին ընդդեմ Ադրբեջանի։

Հրատապ միջոցի այս վարույթի հարցով արդեն դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։ Իրավապաշտպանն ասաց, որ այս լսումների նպատակը հրատապ միջոց կիրառելն էր․ Հայաստանը միջազգային դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել էներգիայի մատակարարումը։

«Հայցի նպատակն է պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կիմաստազրկեն հետագա բարենպաստ դատական ակտը։ Հրատապ միջոցի էությունն այն է, որ պետք է լինի սեղմ ժամկետում, որպեսզի չիմաստազրկվի այդ որոշումը»,- ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարարը։

Ըստ Զեյնալյանի՝ իհարկե ՄԱԿ անվտանգության խորհուրդը նույնպես զերծ չէ քաղաքական շահերից, սակայն Հաագայի դատարանն ավելի մեծ ազդեցություն ունի ՄԱԿ ԱԽ-ի վրա։ Ինչ վերաբերում է հարցին, եթե Ադրբեջանը չկատարի դատարանը ընդունած վճիռը, Զեյնալյանն ասաց․ «Այս դատարանի դատական ակտերը կայացվում են ՄԱԿ-ի անունից, և ՄԱԿ անդամը պարտավոր է ապահովել դրանց կատարումը։ Չկատարումը կարող է ենթադրել շատ լուրջ քաղաքական հետևանքներ։ Կարող է ենթադրել նաև պատժամիջոցներ՝ քաղաքական, տնտեսական և այլն»։

2022 թվականի դեկտեմբերի 29-ին ՄԱԿ Հաագայի դատարանի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Հայաստանը հայց է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում 120 հազար էթնիկ հայերին արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակելու հարցով։ Դատալսումները մեկնարկել էին 2023-ի հունվարի 30-ին։ Հունվարի 31-ին դատարանը գնացել էր խորհրդակցական սենյակ։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ