Ստեղծվել է սնանկության դատավորների և այդ գործով կառավարիչների վերապատրաստման հարթակ.ՎԶԵԲ-ն է աջակցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

նկար

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը, Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանն ընդունել են Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի և Կովկասի տարածաշրջաններում տնտեսական կառավարման և ներդրումային միջավայրի ամրապնդմանն ուղղված՝ Բանկի աշխատանքի ղեկավարման հարցերով պատասխանատու Հեսթեր Քութանշի գլխավորած պատվիրակությունը:

Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարման թիմի հետ քննարկվել են Հայաստանի ներդրումային միջավայրի գործողությունների ծրագրին առնչվող հարցեր:
ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ին, որը դեռևս 2016 թվականից Արդարադատության նախարարությանը միջազգային և ազգային փորձագիտական աջակցություն է ցուցաբերել ոլորտի օրենսդրական կարգավորումների վերանայման հարցում, ինչի արդյունքում 2019 թ. Սնանկության մասին օրենքում կատարվել են լայնածավալ փոփոխություններ:

Տիգրան Դադունցը նաև նշել է, որ ՎԶԵԲ աջակցությամբ ստեղծվել է սնանկության դատավորների, ինչպես նաև սնանկության գործով կառավարիչների վերապատրաստման e-learning հարթակ, որտեղ տեղադրվել են միջազգային և ազգային փորձագետների կողմից պատրաստված ուսումնական նյութեր: Հարթակը հնարավորություն է տալիս դատավորների և կառավարիչների վերապատրաստումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով:

նկար

Տիգրան Դադունցը նշել է, որ միջազգային գործընկերների աջակցությամբ մշակվել է «Սնանկության վարույթը Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ գիտագործնական ծավալուն ձեռնարկը, որն առաջինն է իր տեսակի մեջ: Այնտեղ ներկայացված է սնանկության ողջ վարույթը, տրված են մեկնաբանություններ օրենքի կիրառման վերաբերյալ, ներկայացված են բոլոր դատական նախադեպերը և այլն:

Արդարադատության նախարարության և ՎԶԵԲ-ի կառավարման թիմի հետ քննարկվել են նաև Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող և համապատասխան ոլորտներում իրականացվող բարեփոխումներին հնարավոր աջակցության ցուցաբերման հետ կապված հարցեր: Հատկապես լայն քննարկում է ծավալվել Հայաստանում արբիտրաժի ոլորտի բարեփոխումների, ներառյալ` նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերի առնչությամբ:

--00—ԼՄ