Ադրբեջանը խոսում է «հանդուրժողական ավանդույթներից», բայց լարվածության ալիքը դժվար թե արագ մարի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

0bf452df-8cdd-4c98-af24-c6440bfdc50a.jpg

Այսօր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տնօրեն Էլչին Գուլիևը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ: Այս մասին թելեգրամում գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթև Հայրապետյանը. «Նրանք քննարկել են «անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը, սահմանային անվտանգությանն ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող մի շարք թեմաներ»։ Ավելի վաղ կայացել էր Իսրայելի ՊՆ ղեկավարի հեռախոսազրույցը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր»,–նշված էր հաղորդագրության մեջ: Հատկանշական է, որ այս հեռախոսազանգերը տեղի են ունենում Իրան–Ադրբեջան լարվող հարաբերությունների համատեքստում: Այսօր Ալիև մեղադրել էր Իրանին՝ դեսպանատան վրա տեղի ունեցած հարցում «անգործություն» ցուցաբերելու մեջ: Հիշեցնեմ, որ ադրբեջանական կողմը դա անվանել էր «ահաբեկչություն»: Իրանական կողմն էլ խորհուրդ տվել խուսափել դեպքի առթիվ «էմոցիոնալ արձագանքներից»:

Դրան զուգահեռ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը արդեն երկու օր է, ինչ «ռեյդեր» է իրականացնում իբրև իրանցի «լրտեսներ» հայտնաբերելու նպատակով: «Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցների կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է 39 մարդ, որոնք սադրանքներ և դիվերսիոն գործողություններ են իրականացրել «կրոնական քողի» ներքո:

Այդ անձինք, ներկայանալով որպես հավատացյալներ, սոցիալական ցանցերում քարոզչություն են իրականացրել Իրանի օգտին, չարաշահել են կրոնական ազատությունն Ադրբեջանում, կատարել են իրանական հատուկ ծառայությունների հանձնարարությունները, որպեսզի խաթարեն Ադրբեջանում ձևավորված հանդուրժողականության ավանդույթները»,–նշված է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ: Իհարկե, զավեշտալի է տեսնել, որ Ադրբեջանը խոսում է «հանդուրժողական ավանդույթներից», բայց առկա միտումները փաստում են, որ հարաբերություններում ստեղծված լարվածության ալիքը դժվար թե արագ մարի, համենայն դեպս՝ ադրբեջանական կողմը, կարծես թե, ավելի շատ սրում է իրավիճակը, քան թե փորձում մեղմել այն»:

--00—ԶՀ