Կբարելավվեն ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու պայմանները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

a483b2aa760d46c6c5973650ae70ce6a

Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշման մակարդակով  սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները, որոնք անմիջականորեն  կապված են հենց ձերբակալված անձանց  իրավունքների երաշխավորմանը եւ նաեւ պետության պոզիտիվ պարտավորությունների կատարմանը. ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը փետրվարի 1-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում` ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով այս պահին գույքագրվում են Հանրապետությունում առկա 33 ձերբակալվածներին պահելու վայրեր` հասկանալու համար, թե ինչպիսի շենքային խնդիրներ են առկա, ինչ միջազգային ստանդարտներին պետք է համապատասխանեն այդ վայրերը եւ ըստ այդմ` կատարվեն որոշակի փոփոխություններ` ապահովվելու ձերբակալվածների իրավունքները:

Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում բովանդակային որեւէ փոփոխություն չի  կատարվել:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը նշել է. «Այս նախագծով   առաջարկվող փոփոխությամբ  Կառավարությանը վերապահվում է իրավունք, որպեսզի իր որոշմամբ սահմանվի ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու վայրերի շինությունների ձեւը, կարգը, որպեսզի դրանք համապատասխանեն միջազգային չափորոշիչներին»:

Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

--00—ՍՊ