Դատապարտվել է ԼՂ-ում հայկական մշակութային արժեքների ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

mjgjk

Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Մշակույթի համար նոր եվրոպական օրակարգի և միջազգային մշակութային հարաբերությունների համար ԵՄ նոր ռազմավարության իրականացում» բանաձևը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

Բանաձևում անդրադարձ է կատարվում հակամարտային գոտիներում մշակութային արժեքների պաշտպանության հարցերին և դատապարտվում է վերջին հակամարտությունների ժամանակ պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը։

Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Nathalie LOISEAU/Renew Europe/ Ֆրանսիա) ստորագրած և նույն խմբակցության անդամ Պետրաս Աուստրևիչուսի (Petras AUŠTREVIČIUS/Լիտվա) կողմից համաստորագրված լրամշակման հիման վրա hստակ քննադատվում է նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային արժեքների ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը:

Բանաձևի 78-րդ կետում, մասնավորապես, նշվում է. «Եվրախորհրդարանը կոչ է անում հանձնաժողովին խստիվ դատապարտել վերջին հակամարտությունների ընթացքում պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության համակարգված և քաղաքական կամ գաղափարական շարժառիթներով նպատակաուղղված ոչնչացումը: Եվրախորհրդարանը կոչ է անում հանձնաժողովին խստիվ դատապարտել նաև ինքնիշխան պետությունների, ժողովուրդների կամ փոքրամասնությունների ինքնության և մշակույթի արմատապես վերացումը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և ժխտելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը»:

Բանաձևն ընդունվել է նախորդ տարվա դեկտեմբերին: Այն հասանելի է հետևյալ հղմամբ։

--00—ՅՄ