ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու համար․ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

,

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին:
 
Զրուցակիցները քննարկել են այս տարվա ապրիլին Երևանում առաջին անգամ անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) ղեկավարությանը՝ նման պատասխանատու մրցաշարի կազմակերպումը մեր երկրին վստահելու կապակցությամբ և նշել, որ ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու համար: Ընդգծվել է, որ դրա համար առկա են անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները:

Անտոնիո Կոնֆլիտին իր հերթին նշել է, որ եղել են Մարզահամերգային համալիրում և տպավորված են այնտեղ առկա պայմաններից ու հնարավորություններից:

Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունն անցկացվելու է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին, իսկ մրցաշարը՝ ապրիլի 15-23-ը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար լինելու է վարկանիշային:

--00--ԱՀ