Վարչապետի հետ եզրահանգման չենք եկել ՀՅԴ որոշ անդամների մուտքի արգելքի մասով, հայտնել եմ իմ կարծիքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Պարզ է՝ թեման շատ զգայուն է, այդ խնդիրը կա, բայց ես չեմ որոշել Սփյուռքի նախարարությունը փակել, այժմ ունենք այն, ինչ ունենք։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Մենք այժմ ունենք 5-6 խոշոր ծրագիր, նախարարությունից միայն մեկն ենք ժառանգել՝ «Արի տուն» ամառային ճամբարը: Մենք սփյուռքից ողորմություն չենք խնդրում, ինչպես արվել է տասնամյակներ շարունակ, մենք չենք ասում՝ փող բերեք կամ նվիրատվություն արեք, մենք միտված ենք նրան, որ ներդրումներ բերեն, ուզում ենք, որ իրենք իմանան՝ կարող են շոշափելի շահ ունենալ:

Իհարկե, ներդրողները տարբեր խնդիրների հետ են առնչվում, իրատեսական չէ ակնկալել, որ սովետական անցյալ ունեցող, 30 տարի կոռուպցիայի ավանդույթների մեջ ճահճացած երկրում մեկ-երկու տարում հնարավոր է ավանդույթը արմատախիլ անել»,- ավելացրեց Սինանյանը:

Հարցին, թե Հայ դատի գրասենյակի հետ որքանո՞վ է աշխատանքը հաջողվում, տպավորություն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը դարձել է միայն Սփյուռքի պատասխանատվությունը, Սինանյանը պատասխանեց, որ եթե բարոյական հաղթանակ ենք ուզեցել տանել, ապա ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում շռնդալից հաղթանակ ենք տարել, բայց շոշափելի հաղթանակ չենք ունեցել, համար մեկ խնդիրը պետք է լիներ Թուրքիային ստիպել,  որ ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«2023 թվականն է, և մենք կրկին ցեղասպանության վտանգի առջև ենք կանգնած: Պետք է ուսումնասիրենք ու հասկանանք, թե ի՞նչ են մեզ տվել ցեղասպանության ճանաչմանն ուղված քայլերը, եթե դա չենք անում, անպատասխանատու ենք մոտենում, պետք է մտածել՝ ինչպես կապել ցեղասպանության ճանաչման հարցն այսօրվա անվտանգային խնդիրներ հետ: Եթե նպատակը բարոյական հաղթանակն է, դա արդեն ունենք»:

Խոսելով Հայ դատի հետ առկա խնդիրների մասին՝ Սինանյանը նշեց, որ Հայ դատի հետ ֆունդամենտալ խնդիրներ կան, քանի որ այն ՀՅԴ-ի օրգանն է և պետության հետ լուրջ հարցեր ունի:

«Մենք աշխատում ենք Ամերիկայի Հայ դատի արևմտյան ափի հետ, բայց վաշինգտոնյան գրասենյակի հետ դժվար է աշխատել, նախագահն ամիսներ շարունակ սոցիալական մեդիայով հակապետական գրառումներ է անում: Պետք է քաղաքական հասունություն ցուցաբերեն, հասկանան՝ եթե պետություն չունենանք, Հայ դատը չի գոյատևի»,- ավելացրեց Սփյուռքի հանձնակատարը:

Անդրադառնալով ՀՅԴ որոշ անդամների՝ Հայաստան մուտքի արգելքին՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ ինքն այդ որոշմանը չի մասնակցել, սուտ են այն պնդումները, թե ինքն է վարչապետին ասել, որ նրանց մուտքը ՀՀ արգելվի. «Այս հարցի հետ կապված վարչապետին իմ կարծիքը հայտնել եմ, բայց իմ կարծիքը հաղթող կողմ չի եղել, սակայն հասկանալի է նրանց մուտքն արգելելու որոշումը, ինչք՞ան կարելի է սաբոտաժը հանդուրժել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ