Ադրբեջանի գործողությունները միտված են ԼՂ ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն․ ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

10283805-467f-47ca-886d-4ed67cd1f90a.jpg

Հունվարի 31-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի:

Նախարար Միրզոյանը ճապոնացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները: Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են, և միտված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային հանրության հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ ուղղված Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանը, ինչպես նաև՝ միջազգային համապատասխան կառույցների անարգել հումանիտար մուտքի ապահովմանը Լեռնային Ղարաբաղ:

Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ընդգծվել է, որ Ադրբեջանի առավելապատշատական մոտեցումները խաթարում են խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը:

Քննարկվել են նաև հայ-ճապոնական երկկողմ, ինչպես նաև` բազմակողմ հարթակներում հաստատված համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր:

Նախարար Միրզոյանը կարևորել է Ճապոնիայի շարունակական աջակցությունը` ուղղված տարբեր բնագավառներում Հայաստանի կարողությունների ամրապնդմանը և ինստիտուցիոնալ զարգացմանը:

--00—ԶՀ