Արցախը վառելիքի լուրջ խնդիր ունի, Սարսանգի ՀԷԿ-ը չի հասցնում էներգիան անխափան ապահովել․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Ր

Արցախում 5 ապրանքատեսակների առաջին խմբաքանակն արդեն տրամադրվել է պետական պահուստից, բնակչությունը խանութների միջոցով ապրանքների հիմնական մասն արդեն ձեռք է բերել։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին։

«Վառելիքի լուրջ խնդիրն է մնում, գազամատակարաումը խափանումներով է։ Այս պահին գազ կա, 2 օր առաջ չկար, երեկ չէ առաջին օրն է վերականգնվել։ Էլեկտրաէներգիայի հետ կապված նույնպես լուրջ խնդիրներ կան։ Հովհարային անջատումներով փորձում ենք մեր ներքին ռեսուրսներով բավարարել, որովհետև հիմնականում Սարսանգի ՀԷԿ-ն է ապահովում, հզորությունը չի հերիքում, որ հնարավոր լինի անխափան ապահովել։ Օրը 3 անգամ 2 ժամով անջատումներ են լինում ամբողջ հանրապետությունում»,- ասաց պատգամավորը։

Հարությունյանն ասաց, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների միջոցով նույնպես քիչ քանակություններով հումանիտար բեռներ Արցախ տեղափոխվում են, բայց պետական պահուստով դեռևս 5 տեսակի ապրանքն ապահովված է․ տրամադրված կտրոնների չափով անհրաժեշտ խմբաքանակ կա։

Ըստ նրա՝ Լաչինի միջանքը վերաբացելու բանակցությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով շարունակվում են։ «Դրական արդյունքը դեռ չկա, ամեն դեպքում սպասում ենք զարգացումների։ Կան բանակցություններ, բայց այս պահին որևէ դրական միտում չկա»,- եզրափակեց «Ազատ հայրենիք - ՔՄԴ»-ի ղեկավարը։

Հունվարի 20-ից Արցախում գործում է 5 ապրանքատեսակների [բրինձ, մակարոնեղեն, հնդկաձավար, շաքարավազ, ձեթ] տրամադրման կտրոնային համակարգը։ 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ