Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

9307c2a5-71ec-4566-bf0b-d023bd8633f9.jpg

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Ակնկալելով ԱՀԿ աջակցությունը հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար քննարկվել են հետևյալ կետերը.
 • առաքելության տեղում իրավիճակը գնահատելու
• անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք հասցնելու հնարավորությունը
• ԱՀԿ հստակ դիրքորոշումը իրավիճակի առնչությամբ:

Նախարարը նշել է, որ 51-րդ օրն է, ինչ Արցախ տանող միակ ճանապարհը փակ է, շարունակում են գազի, էլեկտրաներգիայի, համացանցի անջատումները, ինչի պատճառով պլանային վիրահատությունները դադարեցված են և հետաձգվում են: Մինչ օրս ծայրահեղ ծանր վիճակում 59 պացիենտ Կարմիր Խաչի միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան կենսական բուժօգնություն ստանալու:

Նշել է նաև, որ շրջափակման և ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով մեկ պացիենտ մահացել է: Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեին Գործադիր Խորհրդի նիստի ճեպազրույցի ժամանակ հարցին անդրադառնալու համար:

Իրավիճակի առնչությամբ ԱՀԿ գլխավոր տնօրենն իր մտահոգությունն է հայտնել և խոստացել համատեղ աշխատանքի միջոցով գտնել լուծումներ: Նախարարն էլ շեշտել է, որ կպահպանվի ԱՀԿ-ի հետ մշտական կապը իրադարձությունների զարգացման մասին տեղեկացնելու և ԱՀԿ կողմից, նշված երեք ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում:--00—ԶՀ