Դատախազությունը ուսումնասիրություններ է սկսել գործող ջրօգտագործողների ընկերություններում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

134.jpg

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարությամբ, Երևանում և մարզերում, ուսումնասիրություններ են նախաձեռնվել՝ հանրապետությունում գործող ջրօգտագործողների ընկերություններում պետական շահերի պաշտպանության վիճակը պարզելու նպատակով: Ուսումնասիրությունները կիրականացվեն երկամսյա ժամկետում: Այս մասին հայտնում են Գլխավոր  դատախազությունից։

Աննա Վարդապետյանի հանձնարարության համար հիմք են հանդիսացել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրված Հաշվեքննիչ պալատի կողմից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեում կատարված հաշվեքննության արդյունքները:

Մասնավորապես՝ «Էջմիածին» և «Արմավիր» ջրօգտագործողների ընկերություններում կատարված ուսումնասիրություններով ի հայտ են եկել ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակության, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու, այդ փաստաթղթերն օգտագործելու դեպքեր:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հանցանքի մասին հաղորդումների հիմքերով՝ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը), 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

--00—ԶՀ