Իրանի դեմ օպերացիան թեստ էր, դեռևս չբացահայտված կետից ստուգում էին նրա զորքի պաշտպանունակությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

photo_2023-01-29_19-39-27

Իրանում ռազմական օբյեկտների վրա գրոհը տեղի է ունեցել փոքր դրոնների միջոցով, ինչը հակաօդային պաշտպանության միջոցներով հայտնաբերելը և ոչնչացնելը բավական դժվար է, դրոնային հարձակումներով, հավանաբար, փորձ է արվել ստուգել երկրի պաշտպանունակությունը։ Այս մասին 24News-ին ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Նվեր Դավթյանը՝ անդրադառնալով այսօր գիշերը տեղի ունեցած հարձակումներին, այդ թվում՝ Սպահանի արտադրական համալիրներից մեկի վրա:

«Թե՛ պաշտոնական լրահոսից, թե՛ Իրանում մեր մտերիմներից ստացել ենք տեղեկություններ հարձակման մասին։ Նախ կուզեի նշել, որ պաշտոնական լրահոսի համաձայն՝ հաստատվել է հատկապես Սպահան քաղաքում ռազմական օբյեկտների վրա հարձակումը։ Ինչ վերաբերում է Ատրպատականում հրդեհի բռնկմանը, չպետք է բացառենք, որ տեղի է ունեցել որոշակի գործողություն, որի հետևանքով հրդեհ է բռնկվել, կամ տեղի է ունեցել ուղիղ գրոհ կամ դիվերսիոն գործողություն»,-ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոսը։

Ըստ նրա՝ ուշագրավ է, որ Իրանի պաշտպանության նախարարության ռազմական օբյեկտների վրա հարձակման ժամանակ 3 դրոններն էլ չեզոքացվել են․ «Ինչը խոսում է այն մասին, որ երկրի ՀՕՊ համակարգը կարողանում է հայտնաբերել փոքր դրոնները։ Սովորաբար, այսպիսի հարձակումներով ստուգում են երկրի պաշտպանունակությունը, կարողությունը։ Բայց եթե ավելի մեծ գրոհների էսկալացիա լինի, բնականաբար թեժ կետերից մեկը կարող է լինել Իրանի Ատրպատական նահանգի՝ Արևելյան և Արևմտյան Ադրբեջան նահանգների հատվածը, որոնք մեզ սահմանակից և մոտ են։ Եվ դա կարող է անմիջական սպառնալիք լինել նաև Հայաստանի համար»։

Դավթյանի խոսքով, Իրանից ստացված տեղեկություններից կարելի է ենթադրել, որ այս պահին ամեն ինչ վերահսկելի է․ «Ավելի շատ երկրի ուժային կառույցների, առաջին օգնության միջոցներն ուղղված են երեկ գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելուն։ 900-ից ավելի քաղաքացիներ տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել, ժամանակավոր կացարանների խնդիրներն են լուծվում։ Երկրի վարչաքաղաքական ապարատի ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած է այս ուղղությամբ, չնայած ուշադիր են հնարավոր հարձակումների նկատմամբ նույնպես»։

Իրանագետի կարծիքով, Սպահանից հեռավորությունն այնքան չէ, որ հնարավոր լիներ դրոնները Բաքվից կառավարել․ «Չնայած չի կարելի բացառել, որ իսրայելական հատուկ ծառայությունների կողմից ընտրված լիներ այլ երկիր, որտեղից դրոնների կառավարման հեռավորությունը կարող էր բավարար լինել։ Բայց դեռևս բացահայտված չէ հրամանատարական կետը, որտեղից ղեկավարվել է օպերացիան»։

Անդրադառնալով հարցին՝ ի՞նչ փոփոխություններ կարելի է սպասել Իրանի արտաքին քաղաքականությունում այս հարձակումից հետո, Նվեր Դավթյանն ասաց․ «Ավելի զգոն, ավելի զգույշ են լինելու, ավելի ուշադիր են լինելու։ Իրանը կարող է մինչ այս եղած դիվանագիտական գեղեցիկ խոսքերը մի կողմ թողնել և արդեն ամեն ինչ հստակ անվանել իր անուններով։ Դա կվերաբերի իր հավանական հակառակորդներին, որոնց մեջ միանշանակ Ադրբեջանին տեսնում ենք»։

«Այնուամենայնիվ, բուն օպերացիան կարելի է համարել թեստ, որի նպատակն էր ստուգել Իրանի զինված ուժերի պաշտպանունակության հնարավորությունները»,- եզրափակեց իրանագետը։

Սերգեյ Առաքելյան

--00—ՅՄ