Մենք ունենք փոխըմբռնում տարածաշրջանային խնդիրների շուրջ. Եգիպտոսի նախագահը` Խաչատուրյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել հայ-եգիպտական բազմաշերտ համագործակցությունն առաջ մղելու անհրաժեշտությունը՝ ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ դիվանագիտական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Իր խոսքում Եգիպտոսի նախագահը նշել է, որ Եգիպտոսը նույնպես առնչվել է տարածաշրջանային հակամարտությունների և իր հերթին պատրաստակամ է հնարավոր ջանքերը ներդնել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման համար:

«Եգիպտոսը մինչ օրս շարունակում է տարբեր տարածաշրջանային խնդիրների և կոնֆլիկտների ականատես լինել և պետք է արձանագրել մեկ շատ կարևոր հանգամանք, որ նախորդ դարի 70-ական թվականներից սկսած Եգիպտոսը գնաց խաղաղության ճանապարհով և այդ ճանապարհին բախվեց մի շարք խոչընդոտների…

Ձեզ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում ես արձանագրեցի, որ մենք հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ունենք չեզոք դիրքորոշում և այս իմաստով, եթե դուք ընդունում եք մեր միջնորդությունը և կցանկանաք, որ մենք միջնորդենք կամ նման դեր ստանձնենք, ապա մենք պատրաստ ենք»:

--00—ՅՄ