Չնվաստացնե՛լ Բանակի ինստիտուտը, անկախ նրա ու երկրի ղեկին գտնվող վախկոտ, անհեռատես անձանց․ Գասպարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

fransian-karces-dzerqery-lvac--n253151-1

Սա այն բանակն է, որը հաղթանակի պատկառելի հաշվեկշռով է ամփոփել թշնամու սանձազերծած առաջին՝ 1992-94 թթ. և 2016 թ. չորսօրյա պատերազմներն ու մարտական բարձր ոգով 2020 թ. 44 օր դիմադրել է թշնամական մի քանի պետության զորքի ու ահաբեկիչների՝ ռազմի դաշտի վերածված Արցախում և ՀՀ սահմաններին: Այս մասին հիշեցրել է «Genesis Armenia» ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։

«Չնվաստացնե՛լ Բանակի ինստիտուտը, անկախ նրա ու երկրի ղեկին գտնվող վախկոտ, անհեռատես անձանց

Հայկական բանակի ծննդյան տարեդարձն առաջին հերթին ռազմաքաղաքական օբյեկտիվ հաշվետվության, զգոնությունը չթուլացնելու, խաղաղության կեղծ օրակարգին մարտունակության բարձրացմամբ պատրաստվելու, պատասխանատու առաքելության գիտակցման, վիճակի ճշգրիտ գնահատման օր է:

Իր ռազմականացմամբ, քաղաքական խոսույթով, տեղեկատվական ու հոգեբանական ահաբեկությամբ, դիվանագիտական քայլերով՝ թշնամին շարունակում է սպառնալ հայկական զույգ պետություններին և հայ ժողովրդին, ֆաշիստական ձեռագրով փակ է պահում Հայաստանի և Արցախի տարածքային միակ՝ Բերձորի միջանցքը, գերության մեջ պահում 120 հազար հայի, պահանջում հայկական բանակների լուծարում:

Այսուհանդերձ, իր կերտած հաղթանակներով ու պարտությամբ, հաջողություններով ու թերություններով, մեր բանակը շարունակում է մնալ Հայաստանի, առաջիկայում, վստահաբար, նորից Արցախի, ինչպես նաև հայ ժողովրդի անվտանգության ու ազգային-պետական գերագույն շահերի գլխավոր պաշտպանը:

Սա այն բանակն է, որը հաղթանակի պատկառելի հաշվեկշռով է ամփոփել թշնամու սանձազերծած առաջին՝ 1992-94 թթ. և 2016 թ. չորսօրյա պատերազմներն ու մարտական բարձր ոգով 2020 թ. 44 օր դիմադրել է թշնամական մի քանի պետության զորքի ու ահաբեկիչների՝ ռազմի դաշտի վերածված Արցախում և ՀՀ սահմաններին:

Մարդկային ու տեխնիկական ծանր կորուստներից բացի, այս պատերազմից ուժասպառ դուրս եկած մեր բանակն այսօր ունի գաղափարական, կարգապահական, հոգեբանական և ռազմատեխնիկական ամրապնդման կարիք. դրա գլխավոր պատասխանատուն քաղաքացիական վախկոտ ու անատամ իշխանությունն է, որն անգամ 44-օրյա պատերազմից հետո միտումնավոր կերպով, անհեռատեսորեն չի գնահատում աշխարհում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային ու ռազմաքաղաքական ռիսկերը, հապաղում է վճռական բարեփոխումներ իրականացնել:

Բանակը մենք ենք, որտեղ ծառայում են մեր որդիները. պարտավոր ենք այն պահել աչքի լույսի պես, աջակցել նրան, չհարվածել մեր անվտանգության պահպանման միակ կայացած ինստիտուտը, որքան էլ վիճարկելի լինեն նրա ու երկրի ղեկին թյուրիմացաբար հայտնված ղեկավարները։

Հավատում ենք, որ ստեղծված վիճակից դուրս գալու ելքեր կան և ազգային-պետական մտածողության ռազմաքաղաքական ընտրանու միջոցով՝ վերականգնել տարածաշրջանում մարտունակ բանակի երբեմնի համբավը:

Կեցցե՛ հայկական բանակը, խունկ և աղոթք հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված հազարավոր հայորդիների հիշատակին:

Պի՛նդ եղեք»,-գրել է նա։

--00—ՅՄ