Ադրբեջանում այս պահին նույնականացված 33 հայ ռազմագերի կա. չհաստատվածների թիվը մեծ է․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

նկար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս թիվը միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանն է ներկայացնում:

Սամվելյանի ներկայացրած թիվը նաեւ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատում՝ նշելով, սակայն, որ, բացի հաստատված ու Կարմիր խաչի ուշադրության կենտրոնում գտնվող 33 ռազմագերիներից, չհաստատված, բայց փաստերով հաստատված դեպքերը 80-ն են: «Մեր փաստահավաքությունը կարողացել է հիմնավորել գերեվարման հավելյալ առնվազն 80 դեպք, ու չենք բացառում՝ գերեվարման նոր դեպքեր էլ լինեն, պարզապես մեր գործունեությամբ այդքանն ենք կարողացել հիմնավորել,- նշում է նա՝ ավելացնելով։- Ցավոք, եղել է շուրջ 40 անձի դեպք, որ գերեվարվելուց հետո սպանվել կամ գնդակահարվել են: Դա վկայող ապացույցներ ունենք: Ինչ վերաբերում է վերոնշյալ 80 դեպքին, ապա անհայտ է վերջիններիս ճակատագիրը: Նրանք կարող են կենդանի լինել, բայց իրավական դաշտից դուրս բերվեն ու դառնան բռնի անհետացածներ կամ սպանվածներ, բայց Ադրբեջանը ո՛չ հաստատում է նրանց գերեվարումը, ո՛չ էլ վերադարձնում է դիերը՝ կատարած հանցագործությունները չինքնախոստովանելու համար»:

Նկատենք, որ վերջին շրջանում գերիների, առավել եւս՝ նրանց հավանական վերադարձի մասին հայտարարություններ չեն հնչում, եւ դա՝ այն դեպքում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարում էր. «Գերիները մեզ կներեն, եթե 1-2 ամիս ավելի մնան Բաքվի բանտերում»:

Հայտարարությունից այժմ ավելի քան տարիուկես է անցել, բայց մինչեւ այս պահը մեր հայրենակիցները Բաքվի բանտերում շարունակում են տանջվել ու կտտանքների ենթարկվել: Ընդհանուր առմամբ, ստացվում է՝ Բաքվի բանտերում այս պահի դրությամբ, հավանական է, մոտ 120 ռազմագերի կարող է պահվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ