ՔՊ-ական պատգամավորների օգնականները պարգևավճար են պահանջում. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

աժ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ական մի խումբ պատգամավորների օգնականները, «շեֆերի» գիտությամբ, պարգեւավճար են պահանջում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ստորագրահավաքը նախաձեռնել ու կառավարում են ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, նրա օգնականը (դե ֆակտո խմբակցության ղեկավարը, Կոնջորյանի մտերիմը), ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, նրանց օգնականներն ու իշխող խմբակցության փորձագետները: Ակցիային միացել են որոշակի նախաձեռնողականությամբ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի օգնականն ու փորձագետները: Բանն այն է, որ օգնականները, տեսնելով՝ պետծառայողները ստանում են պարգեւավճար, իրենք եւս դիմել են ԱԺ նախագահին՝ պարգեւավճար ստանալու պահանջով:

Նկատենք, որ ՔՊ-ական պատգամավորների օգնականները պահանջում են պարգեւավճար, որն օրենքով չի հասնում, այլ միայն պետծառայողներին է հասանելի՝ որպես պրոֆեսիոնալների: Օգնականները, սակայն, որ օրերով աշխատանքի չեն ներկայանում, ուզում են բարձր աշխատավարձ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պահուստային ֆոնդից պարգեւավճար տալ պատգամավորների օգնականներին, եւ այս պատճառով ՔՊ ներսում լուրջ բախումներ են սկսվել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ շուրջ 36 պատգամավորի օգնական է միացել ստորագրահավաքին.

1) Հայկ Կոնջորյանը
2) Արթուր Հովհաննիսյանը
3) Խաչատուր Սուքիասյանը
4) Մարիա Կարապետյանը
5) Թագուհի Ղազարյանը
6) Արուսյակ Ջուլհակյանը
7) Ծովինար Վարդանյանը
8) Զարուհի Բաթոյանը
9) Գուրգեն Արսենյանը
10) Վաղարշակ Հակոբյանը
11) Վիլեն Գաբրիելյանը
12) Հայկ Սարգսյանը
13) Հռիփսիմե Հունանյանը
14) Ալխաս Ղազարյանը
15) Արեն Մկրտչյանը
16) Էմմա Պալյանը
17) Անդրանիկ Քոչարյանը
18) Նարեկ Գրիգորյանը
19) Վիգեն Խաչատրյանը
20) Գագիկ Մելքոնյանը
21) Հայկ Ցիրունյանը
22) Արմեն Խաչատրյանը
23) վերջերս մանդատ ստացած Կարեն Սարուխանյանը եւ այլք։

Այս առիթով դիմեցինք ԱԺ, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը. «Տվյալ պարգեւավճարը վերաբերում է միայն պետծառայողներին եւ չի տարածվում ԱԺ պատգամավորների օգնականների վրա, այդ պատճառով էլ նրանք պարգեւավճարը չեն ստացել: Քանի որ տվյալ պարգեւավճարը օրենքով վերաբերում է միայն պետծառայողներին, համարվում է կիսամյակային պարգեւավճար, իսկ պատգամավորների օգնականներին օրենքով չի հասնում պարգեւավճար»:

Դիտարկմանը, որ մինչ այս պատգամավորների օգնականները եւս օգտվել են կիսամյակային պարգեւավճարերից, ինչու չեն ստացել այս անգամ, ԱԺ-ից ասացին. «Պարգեւավճարների ֆոնդը խնայողությունների հաշվին է ձեւավորվել, քանի որ պետծառայողները ստացել են պարգեւավճար խնայողությունների հաշվին։

Պատգամավորների օգականներին էլ է տրվել պարգեւավճար. հիմա այլ իրավիճակ է: Աշխատավարձային ֆոնդը բարձրացել է, իսկ պարգեւավճարների ֆոնդը՝ կրճատվել։ Պարգեւավճարներ տրվում են խնայողությունների հաշվին, այժմ էլ դեռ հունվար ամիսն է, այդ պատճառով պարգեւավճար չի տրվելու նրանց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ