Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի գործով նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

be40e59b-c302-46dd-8602-feb87cb3d86f.jpg

Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ուենցող գույքի բռնագանձման գործով դատական նիստն այսօր բացվեց և հետաձգվեց, գրում է «Հետքը»։

Դատական նիստը նախագահող՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Ավագյանը նիստի մեկնարկին հայտարարեց, որ նիստը հետաձգելու մասին միջնորդություն են ներկայացրել Գագիկ Բեգլարյանը և նրա ընտանիքի անդամները՝ կինը, որդին և դուստրը։ Միջնորդությամբ նախկին պաշտոնյան և իր ընտանիքի անդամները հայտնել են, որ նախորդ նիստերին մասնակցած փաստաբանն այլևս չի ներկայացնում իրենց շահերը, և խնդրել են այդ հիմքով նիստը հետաձգել։

Դատավորը տեղեկացրեց, որ գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդությունը խախտումներով է ներկայացվել, որը քննության ենթակա չէ, բայց նիստը հետաձգելու այլ պատճառ կա։

«Ըստ էության սա չի քննարկվում, ուղղակի նկատի ունենալով, որ ներկայացուցչի լիազորությունները դադարեցվել են՝ ամեն դեպքում դատարանն էլ պարզաբանման ենթակա հարցեր ունի, որոնք որ պետք է տար պատասխանողին, այդ հիմքով այս դատական նիստը ենթակա է հետաձգման»,- հայտարարեց դատավոր Նարինե Ավագյանը՝ փորձելով լսել հայցվոր կողմի դիրքորոշումը։

Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը նկատեց, որ գուցե այդ միջնորդությունը մարտավարական հնարք է գործի քննությունը երկարաձգելու, «գոյություն չունեցող փաստաթղթեր ստեղծելու և դրանք դատարան ներկայացնելու համար»։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայց է ներկայացրել ընդդեմ նախկին պաշտոնյայի և նրա ընտանիքի անդամների։ Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին և նրա ընտանիքի անդամաներին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 16.8 միլիարդ դրամ արժեք ունեցող ունեցվածքը հօգուտ Հայաստանի բռնագանձել։ Բռնագանձման ենթակա գույքերի ցանկում են նաև Գագիկ Բեգլարյանին պատկանող Մոնումենտի 2 առանձնատները, որոնց «Հետքն» անդրադարձել էր 2018 թ․-ին։

Գագիկ Բեգլարյանը անցնում է նաև քրեական գործերով, որոնցից մեկը հարուցվել է «Հետքի» հրապարակման հիման վրա, որտեղ ներկայացրել էինք Բեգլարյանների կողմից Երևանի կենտրոնում գտնված 4 մանկապարտեզի սեփականաշնորհման պատմությունը։

Մանկապարտեզներից մեկը գտնվել է Թամանյան փողոցում (Կասկադի հարևանությամբ), մյուսը՝ Թումանյան փողոցում, երրորդը՝ Սայաթ-Նովա պողոտայում, իսկ չորրորդը՝ Նորագյուղում (Էջմիածնի հին խճուղում)։ Նշված մանկապարտեզների տարածքների հետ միասին ևս 2 տասնյակ գույք յուրացնելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում քրական գործ էր հարուցվել, որի նախաքննությունը 3 տարի է դեռ շարունակվում է։ Դատախազությունը միայն 2022 թ․-ի նոյեմբերին այս գործով Գագիկ Բեգլարյանին մեղադրանք առաջադրեց։

--00—ԶՀ