ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները դադարեցվել են, 12 նոտարի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

default.jpg

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները, ինչպես նաև վեր հանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ:

Այսպիսով՝ 12 նոտարների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների արդյունքում կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ՝ 5 նախազգուշացում, 2 նկատողություն, 1 խիստ նկատողություն և 3 գործունեության կասեցում՝ երկու դեպքով համապատասխանաբար մեկ ամիս, իսկ մեկ դեպքով՝ երկու ամիս ժամկետով։ 1 նոտար կարգապահական վարույթի շրջանակներում ներկայացված դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։

1 կարգապահական վարույթ է իրականացվել սնանկության գործերով կառավարչի նկատմամբ, որի արդյունքում կիրառվել է կարգապահական պատասխանատվության միջոց՝ նկատողություն։ 

Կազմվել են սնանկության գործով կառավարչին հաշվառումից հանելու մասին 4, կառավարչի գործունեությունը կասեցնելու մասին 2, իսկ կառավարչի գործունեությունը դադարեցնելու մասին 1 որոշումների նախագծեր:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում  վերահսկողական վարչության գործունեության տարեկան ծրագրով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով տրված ցուցումների հիման վրա նշանակված ծառայողական քննությունների արդյունքներով՝ 31 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ 22 նախազգուշացում, 8 նկատողություն, 1 խիստ նկատողություն։ 3 հարկադիր կատարող՝ ծառայողական քննության շրջանակներում ներկայացված դիմումների համաձայն ազատվել են պաշտոններից։

Դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքներով Ծառայություն են ուղարկվել պարզաբանումներ ներկայացնելուն և համապատասխան դիրքորոշումներ հայտնելուն ուղղված գրություններ,  արդյունքում 3 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նախազգուշացում և նկատողություն:

Վարչության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով «Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները դադարեցվել են:

Արդարադատության նախարարության աշխատակիցների վերաբերյալ` իրականացվել են 4 ծառայողական քննություններ, 3-ով ծառայողական քննությունը դադարեցվել է, 1-ով կիրառվել է կարգապահական տույժ՝ նախազգուշացում։

Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում վերահսկողական վարչությունն իրականացրել է 2 ուսումնաիրություն, որոնց արդյունքներով համապատասխան հիմնարկներին տրվել է 2 ցուցում:

Իրականացվել է 4 ծառայողական քննություն, արդյունքում քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների 3 աշխատակցի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության վերաբերյալ հարուցվել են 11 վարչական վարույթներ, 2 դեպքում՝ բողոքը մերժվել է, 2 դեպքում՝ բողոքը բավարավել է մասնակի, 2 դեպքում՝ բողոքը բավարարվել է ամբողջությամբ, 1 դեպքում՝ վարույթը կասեցվել է, 1 դեպքում՝ վարույթը կարճվել է, իսկ 3 դեպքով հարուցված վարչական վարույթներն ընթացիկ փուլում են:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների արդյունքներով՝ 4 դեպքում կիրառվել է կարգապահական տույժ՝ 1 նկատողություն, 3 նախազգուշացում:

--00—ԶՀ