Ներկայացվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց նվերներ ստանալու սահմանափակումների կարգավորումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

news_7480788395732_22 (1).

Արդարադատության նախարարությունը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համատեղ, կազմակերպել է պետական կառավարման համակարգի, ինչպես նաև անկախ և ինքնավար մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչների վերապատրաստում: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։

Ներկայացվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, նվերներ ստանալու սահմանափակումների, շահերի բախման վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումները:

Որպես բանախոսներ հանդես են եկել Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Քրիստինե Գաբուզյանը, հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Եփրեմ Կարապետյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Սվետլանա Ջիլավյանը:

Բարեվարքության հարցերով կազմակերպիչներին ներկայացվել են հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, այդ մարմինների համակարգում Արդարադատության նախարարության ունեցած դերն ու նշանակությունը, բարեվարքության համակարգի բաղադրիչները, անհրաժեշտությունն ու կազմակերպիչների դերն ու գործառույթները:

Վերապատրաստումն ուղղված էր հատկապես «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված վերջին օրենսդրական փոփոխությունների և դրանց առնչությամբ բարեվարքության հարցերով կազմակերպիչների գործառույթների մասին իրազեկմանը:

Ծավալված ակտիվ քննարկման ժամանակ հնչել են թեմային առնչվող տարաբնույթ հարցեր և առաջարկություններ։

Միևնույն ժամանակ, առաջիկայում նախատեսվում է համանման վերապատրաստում իրականացնել նաև տեղական ինքնակառավարման համակարգի մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչների շրջանում:

--00—ՅՄ