ԲՈԿ նախագահը հրաժարական է տվել՝ իմանալով ԿԳՄՍ նախարարի նոր «բարեփոխման» մասին 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

նկար

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը երեկ հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։

Ինչպես նշեց մեր զրուցակիցը, պատճառը ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանի հերթական «բարեփոխումն է»․ վերջինս որոշել է ԿԳՄՍ-ին կից ստեղծել մի մարմին, որը պետք է զբաղվի բարձրագույն ու հետբուհական կրթության հարցերով՝ դրա մեջ ներառելով նաև ԲՈԿ-ը։ Քեռյանն էլ, տեղեկանալով այս որոշման մասին, հրաժարականի դիմում է ներկայացրել։ 

Ըստ ամենայնի՝ Անդրեասյանի այս նոր որոշումը կապված է առաջիկայում բուհական ոլորտին վերաբերվող փոփոխությունների հետ, որոնք չեն անցնելու անաղմուկ, իսկ նորանշանակ նախարարն էլ չի ցանկանում հայտնվել այս ծագող սկանդալի կիզակետում, չնայած հենց ինքն է այս ամենի նախաձեռնողը։ Խոսքը, մասնավորապես, Բրյուսովի համալսարանը Մանկավարժականին ու Ֆիզկուլտին միացնելու՝ կառավարության նախաձեռնության մասին է, որը որոշվել է ամեն գնով իրականացնել։ Այդ է պատճառը, որ Բրյուսովի հոգաբարձուների խորհրդի ընտրությունը՝ ռեկտորի պաշտոնում վերընտրել բուհի գործող ղեկավար Կարինե Հարությունյանին, կառավարությունը չի հաստատել, իսկ Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, որը իշխանական թեկնածուն էր, դիմել է դատարան։ 

Ընդհանրապես այս օրերին ոլորտում տիրող իրավիճակը հնարավոր չէ նկարագրել ավելի դիպուկ բառով, քան «բարդակ»։ 

24News-ը փորձեց կապ հաստատել Քեռյանի հետ իր հրաժարականի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին։

--00—ԼՄ