Լույս է ընծայվել «Տասը պատվիրանները կամ բարոյական պարտացոյց» աշխատության վերահրատարակությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

."

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել լուսահոգի Տ․ Արսեն քահանա Բագրատունու «Տասը պատվիրանները կամ բարոյական պարտացոյց» (Թիֆլիս, 1881) աշխատության վերահրատարակությունը՝ լեզվի և ուղղագրության արդիականացմամբ (հրատարակության պատրաստեց՝ Տ․ Գաբրիել քահանա Վարդանյանը)։

Գրքույկում հանրամատչելի կերպով ներկայացվում են Տասը պատվիրանները՝ որպես մարդու՝ հասարակական էակի, կյանքի համառոտ բարոյական պարտացույց, որում  թեև մանրամասնորեն չի խոսվում մարդու պարտավորությունների ուրույն հատվածի մասին, բայցևայնպես՝ օգտվել ցանկացող հավատացյալն այս գրքույկի բովանդակությամբ կարող է բավարարվել՝ հարստացնելով իր մտքի շտեմարանը և արգասավորելով մտքի անդաստանը։

Գրքույկի գրության գլխավոր պատճառը եղել է իշխանուհի տիկին Կատարինե Բեհբուդյանցը՝ Ղորղանյանց տոհմից, որը, քանիցս ներկա գտնվելով հեղինակի քարոզներին, ցանկություն է հայտնել իր դստեր համար ունենալ Տասը պատվիրանների հանրամատչելի բացատրությունը, որը և հեղինակը, ընդառաջ ներկայացված խնդրանքի, կյանքի է կոչել լավագույնս՝ հանրամատչելի կերպով ներկայացնելով պատվիրանների բացատրությունը՝ որպես ի կրթություն հավատացելոց:

--00-ՀԱ