«Կյանքի ստենտ» ծրագրի շրջանակներում 2022-ին 2.443 ծառայություն է մատուցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

․

Սրտի անհետաձգելի վիրահատական («Stent for Life») ծառայությունների շրջանակներում 2022 թվականի ֆինանսական տարում (2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը) մատուցվել է 2.443 ծառայություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Stent for Life» կյանք փրկող ծրագիր`պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններում` ամբողջ բնակչության շրջանում (անկախ սոցիալական կարգավիճակից և տարիքային խմբից):

Ծրագիրը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում ապահովում է դեղապատ ստենտի տեղադրումն` անվճար, իսկ աորտա-կորոնար շունտավորումը` արտոնյալ պայմաններով:

Սահմանված կլինիկական չափանիշներն են՝

«Սրտամկանի սուր ինֆարկտ ST էլևացիա» ախտորոշումը կամ

«Սրտամկանի սուր ինֆարկտ առանց ST-էլևացիայի» ախտորոշումը, երբ առկա է տրոպոնինի > 1000նգ/լ ցուցանիշ և սրտամկանի ինֆարկտ-պատասխանատու գոտևորող կորոնար զարկերակի կամ նրա մարգինալ ճյուղերից մեկի թրոմբոզ կամ նշանակալի անկայուն նեղացում,

Սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպումն իրականացվում է իշեմիայի ախտանիշների կլինիկական դրսևորումից 12 ժամվա ընթացքում` ներառյալ ախտորոշումը ճշտելու և պացիենտին բժշկական հաստատություն տեղափոխելու ժամանակահատվածը:

Ծրագիրն իրականացվում է 13 բժշկական հաստատությունում։

Երևանում`

• «Աստղիկ» ԲԿ
• «Արամյանց» ԲԿ
• Լ.Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ
• «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
• «Նորք Մարաշ» ԲԿ
• «Էրեբունի» ԲԿ
• «Բեսթ Լայֆ» ԲԿ
• «Շենգավիթ» ԲԿ
• «Արմենիա» հանրապետական ԲԿ
• Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր

Մարզերում`

• Վանաձորի ԲԿ
• Գյումրու ԲԿ
• Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն:

--0--ԱՀ