Կորուստ, մահ ու ավեր. այս իշխանության «կրեդոն» է, դա ապացուցվել է 5 տարվա ընթացքում. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

զորամաս

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությունից ընդամենը մի քանի ժամ անց առանց քննության, առանց ուսումնասիրության զինվորական բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից՝ միանգամից գլխատելով ճակատային կորպուսը, չնայած տրամաբանությունը հուշում էր, որ ժամանակ էր պետք նրանցից ամեն մեկի մեղավորությունը հասկանալու համար:

Ավելին, կառավարության նիստում պաշտպանության նախարարն ու Նիկոլ Փաշինյանը այնպիսի մանրամասնությամբ էին «պատմում», թե ինչ է տեղի ունեցել, կարծես նախաքննությունն արդեն ավարտվել է: Պատահական չէ, որ այս ամենը իրավաբանների կողմից գնահատվեց որպես նախաքննության ուղղորդում՝ բարձրագույն մակարդակով, անմեղության կանխավարկածի խախտում, ինչպես նաև արագորեն մեղավորությունը իրենցից հեռացնելու փորձ:

Այնինչ, այս ողբերգությունը շատ ավելի խորքային պատճառներ ունի, քան Նիկոլ Փաշինյանի ներկայացրած բենզինի պատմությունը, որին մեծ մասը չհավատաց, այդ թվում՝ դասակի հրամանատարը: Այն, որ այրված շինության լուսանկարներն ապացուցում են, թե ինչ խայտառակ վիճակում են մնում մեր զինվորները, այն, որ քսանմեկերորդ դարում «զորանոցը» վառարանով են ջեռուցում, արդեն իսկ համատարած «բարդակի» մասին է վկայում, նաև այն մասին, որ այս իշխանությունները բանակը ոտքի կանգնեցնելու, զորացնելու ուղղությամբ ոչ մի քայլ չեն արել, ընդհակառակը՝ հետևողականորեն ավիրել են այն:

Մյուս կողմից՝ շատերի համար էր անհասկանալի, թե ինչպես կարող էր սակրավորների հրամանատարը չիմանալ բենզինի հետ վարվելու տարրական կանոնները, լինել այդքան անզգույշ, ինչպես սակրավոր տղերքը չկարողացան լքել զորանոցը, մի խոսքով՝ բազմաթիվ հարցեր:

Հուսանք՝ այս հարցերի պատասխանը քննությունը կտա, չնայած Նիկոլ Փաշինյանի օրոք ակնկալել որևէ գործի օբյեկտիվ քննություն, առնվազն միամտություն է: Սոցցանցերում պահանջում էին նաև պաշտպանության նախարարի հրաժարականը: Բնական է, ցանկացած նորմալ երկրում նման խայտառակությունից, նման ողբերգությունից րոպեներ անց առաջին հերթին հրաժարական կտար պաշտպանության նախարարը, նաև երկրի վարչապետը: Բայց հազարավոր զոհերի պատճառ դառնալուց, ահռելի տարածքներ հանձնելուց հետո իշխանությունը ամուր գրկածների խմբից նման քայլ սպասել չի կարելի: Մյուս կողմից՝ այստեղ խնդիրը միայն զինվորական նշյալ պաշտոնյաները չեն, նույնիսկ պաշտպանության նախարարը չէ։

Խնդիրը պարզ է ու ակնհայտ. քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մնում են իշխանության, միշտ այսպես է լինելու, ամեն օր մի նոր պատուհաս է գալու, անընդհատ կորուստ, մահ ու ավեր ենք ունենալու:

Դա այս իշխանության «կրեդոն» է, դա ապացուցվել է այս իշխանության համարյա հինգ տարվա ընթացքում: Ընդ որում, այնպիսի մոլեռանդությամբ են մահ ու ավեր սփռում, կարծես նպատակ են դրել այնպես անել, որ ոչ մի ընտանիք չխուսափի իրենց ավերումներից...

Ժամանակին իշխանական քարոզիչները ուզում էին մեր հանրությանը համոզել, որ Արցախի հարցը գցել են «խեղճ» Նիկոլի գրպանը։ Իրականում պարզվեց, որ ոմանք հենց Նիկոլին են գցել մեր ժողովրդի գրպանը։ Թե ինչու, օր օրի երևում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ