Դատախազը պահանջում է կալանքի տակ պահել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որ փախուստի չդիմի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

2748aef7-7f98-4b30-ac59-2e5ecf69b250.jpg

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Արուսյակ Ալեքսանյանի, փաստաբան Էրիկ Ալեքսանյանի և դատավորի օգնական Թամարա Պետրոսյանի գործով դատական նիստը։ Նշենք, որ նախորդ նիստին Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանները նախորդ նիստին միջնորդել էին դադարեցնել Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել վարույթը, քանի որ մինչդատական վարույթի ընթացքում քննչական ենթակայության կանոնների խախտմամբ է եղել գործի քննությունը։



«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօրվա նիստում, մինչ միջնորդության բուն քննությանն անցնելը, նախագահող դատավորը հայտարարեց, որ նշված միջնորդությունները պետք է ներկայացվեն ապացույցների շրջանակը պարզելուց և որոշակի ապացույցներ հետազոտելուց հետո։ Ընդմիջման ընթացքում քննարկման արդյունքում Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը որոշեց այս փուլում միջնորդությունը չներկայացնել։ Թամարա Պետրոսյանի պաշտպան Գարիկ Գալիկյանը և գործով որպես մեղադրյալ անցնող փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, որոնք ևս մտադիր էին կարճման միջնորդություն ներկայացնել, հայտարարեցին, որ դրանք կներկայացնեն ավելի ուշ։ Դատարանն անցավ Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցի հարցի քննարկմանը։ Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ավարտվում է հունվարի 18-ին։ Մեղադրող դատախազը միջնորդեց անփոփոխ թողնել Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ հայտարարելով, թե Արուսյակ Ալեքսանյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է փախուստի դիմել, ինչպես նաև, խոչնդոտել գործի քննությանը։ Ալեքսանյանի պաշտպան Արթուր Մանուկյանն առարկեց դատախազի պնդումների դեմ՝ խիստ զարմանք հայտնելով նրա դիրքորոշումների կապակցությամբ։



Պաշտպանի պնդմամբ՝ տպավորություն էր, որ ուղղակի գլխավոր դատախազությունում կա դիրքորոշում՝ Արուսյակ Ալեքսանյանին կալանքի տակ պահելու համար, որ ցույց տան, թե ինչ եղանակներով են «պայքարում կոռուպցիայի» դեմ։ «Արուսյակ Ալեքսանյանը, բնականաբար, միտված է, որ օրինական միջոցներով ազատվի կալանքից և սա բերել որպես փաստարկ, որ նա մնա կալանքի տակ, առնվազն ողջամիտ ու տրամաբանական չէ»,- նշեց Մանուկյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տևած քննության արդյունքում բավարարվել է։



Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։ Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը և այժմ դատավորին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Իսկ որպես «օժանդակություն», ըստ պաշտպանների, դիտարկվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կողմից իր փաստաբանական լիազորություններից օգտվելն ու իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոցը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը։ Արուսյակ Ալեքսանյանը, դատավորի օգնական Թամարա Պետրոսյանը և Էրիկ Ալեքսանյանն իրենց ներկայացված մեղադրանքը չեն ընդունում։

--00—ԶՀ