Փաշինյանը Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով է ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդում իրականացնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Ընդդիմությունը Փաշինյանի համար սպառնալիք է՝ կառուցողական գործընկեր Ալիևի հետ պայմանավորվածություններն իրականացնելու հարցում: Հիմքեր ունեմ պնդելու, որ պատգամավորներին մանդատից զրկելու պահանջները կարող են լինել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, քանի որ նրանց համար ընդդիմությունը վտանգավոր է: Փողոցային պայքարի օրերին Թուրքիան և Ադրբեջանը զսպող հայտարարություններով էին հանդես գալիս` մեզ անվանելով ռևանշիստներ: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Անդրադառնալով պատգամավորների բացակայությունների քանակը գերազանցելու իշխանության պնդումներին` պատգամավորը նշեց, որ ընդդիմության կողմից ԱԺ նիստերին չմասնակցելու բոյկոտ է եղել, քանի որ ԱԺ նիստերը Հայաստանի ու Արցախի անվտանգությանը վերաբերող հարցերը և հայկական օրակարգը չեն սպասարկել: «Պատգամավորի լիազորությունները չեն սահմանափակվում միայն կոճակ սեղմելով, մեր գործողությունները միանգամայն տեղավորվում են պատգամավորական լիազորությունների մեջ:

Մեզ Փաշինյանը մանդատ չի տվել, այլ հարյուր հազարավոր քաղաքացիներ են ձայն տվել, մանդատ ունենալը կամ չունենալը մեզ չի խանգարի մեր բողոքն արտահայտել, հիմա անկյունաքարային է Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելը»,- ավելացրեց նա:

Անդրադառնալով այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ԼՂ ժողովրդի ու իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ և պետք է խուսափել իրադրությունը էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, պատգամավորը ընդգծեց. «Այսօր Փաշինյանն Արցախին ձեռքերը վեր բարձրացնելու ու հանձնվելու կոչ արեց, դա նույնն է, որ ցեղասպանության ժամանակ ասես՝ եկեք ինքնապաշտպանության հայտարարություն չանենք, կբարկացնենք թշնամուն: Որևէ հայ, որ ասում է՝ արցախցին իրավունք չունի ասել, որ ապրելու իրավունք ունի և պետք է լռի, նա դավաճանում է հայ ժողովրդին և սպասարկում է թուրք - ադրբեջանական շահերը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ