Մեթամֆետամին, մարիխուանա, ԱԹՍ․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի դեկտեմբերի զեկույցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

news_7352039948851_2

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների, ինչպես նաև թղթախաղերի շրջանառության փորձերը:

Արդարադատության նախարարությունը ներկայացնում է դեկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույցը:

Այսպիսով` «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ների ծառայողները՝ «Նուբարաշեն» ՔԿՀ մուտք գործելիս, խուզարկության են ենթարկել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վարդաշեն» և «Նուբարաշեն» բժշկական ստորաբաժանման բժշկին:

Վերջինիս մոտից հայտնաբերվել է արգելված իր հանդիսացող wi-fi սարք, որի զննությամբ հայտնաբերվել է 11 փաթեթ, որոնցում առկա են եղել հերոին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ, ինչպես նաև ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ: Նշված թմրամիջոցները բժիշկը ներկրել է քրեակատարողական հիմնարկ դատապարտյալին իրացնելու նպատակով:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ քաղաքացու կողմից բերված հանձնուքը։

Արդյունքում՝ կալանավորի համար բերված վերարկուի գրպանից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել սպիտակ, բյուրեղանման և փոշենման զանգվածներ։

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները՝ տարբեր դեպքերով խուզարկության են ենթարկել կալանավորված անձանց այցելած քաղաքացիներին: Առաջին դեպքով՝ կալանավորված անձին տեսակցության եկած քաղաքացուհու մազերի միջից հայտնաբերվել են կանացի զուգագուլպայում փաթաթված մեկ բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով և բջջային հեռախոսի համար նախատեսված ականջակալ։

Երկրորդ դեպքով՝ ծառայողները դատապարտյալի անվամբ բերված ուտեստում հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող առանձնացված զանգվածներ:

«Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթապահը դատապարտյալների համար նախատեսված մարզադաշտի խոտածածկին հայտնաբերել է կասկածելի փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, ինչպես նաև  սպիտակ և շոկոլադին նմանվող փոշեզանգվածներ:

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի 2-րդ մասնաշենքի պարսպի դրսի հատվածում հայտնաբերվել է սև, կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որի միջից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող և շագանակագույն, փոշենման զանգվածներ։

Մեկ այլ դեպքով՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հիմնարկի բնակելի տարածքի օդային տարածքում նկատել են անօդաչու թռչող սարք։ Արդյունքում՝ հիմնարկի մասնաշենքերից մեկի զբոսահրապարակին հարակից թեքահարթակից հայտնաբերվել է պոլիէթիլենային թափանցիկ թաղանթով փաթեթավորված, սև կախիչով փաթեթ, որի մեջ առկա է եղել սպիտակ, փոշենման և շագանակագույն զանգվածներ։

Վերը թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ:

--00—ՅՄ