ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի առողջական վիճակը ՔԿՀ-ում վատթարացել է. պաշտպանը պահանջում է հոսպիտալացնել նրան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

6162b264-2072-4626-bb5f-b7dd5010fa38_w1080_h608

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի առողջական վիճակը ՔԿՀ-ում վատթարացել է։ Գալստյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դիմում է ներկայացրել՝ Գալստյանին բժշկական կենտրոն տեղափոխելու համար։

Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կալանավորված է 2021թ հոկտեմբերի 2-ին՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի, «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանի և մյուսների վերաբերյալ հայտնի գործի շրջանակներում։

Ստեփան Գալստյանը՝ առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով նոյեմբերի 9-ին արդեն իսկ տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ, որտեղ որոշ ժամանակ գտնվելուց հետո կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։

«Համարել էին, որ բավարար է բուժումը, տեղափոխել էին ՔԿՀ, բայց փաստորեն հերթական անգամ սխալվեցին»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ Գալստյանի՝ առողջական վիճակի վատթարացման հիմքով պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անազատության հետ կապ չունեցող, այդ թվում, գրավով փոխարինելու վերաբերյալ, որի լուծումը դատարանը հետաձգել էր՝ նշանակելով միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը ստանալուց հետո արդեն կքննարկվի խափանման միջոցի փոփոխության հարցը։

Պաշտպանության կողմը պնդում է, որ Ստեփան Գալստյանի մոտ առկա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ։

Հանձնաժողովն արդեն ձևավորվել է, փորձաքննությունն ընթացքի մեջ է, սակայն պաշտպանը գտնում է, որ արհեստական ձգձգումներ կան։ Մասնավորապես, Մանուկյանը պատրաստրակամություն է հայտնել՝ ապահովելու անհրաժեշտ բժշկական բոլոր փաստաթղթերն ապահովելու, սակայն վերջիններս ցանկացել են փաստաթղթերը ստանալ դատարանի միջոցով, ինչն էլ, ըստ Մանուկյանի ավելորդ քաշքշուկ, ձգձգումներ են առաջացնում։«Տպավորություն է, որ արհեստական, ինչքան հնարավոր է, դանդաղեցնում են գործընթացը՝ մինչև մի փորձանք լինի, հետո բոլորն իմաստուն դեմք ու կերպարանք ընդունեն, ինչ-որ բաներ խոսեն»,- նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ Ստեփան Գալստյանի պարագայում ամեն ինչ առավել քան ակնհայտ է, փորձաքննության եզրակացությամբ հանձնաժողովը պետք է ուղղակի հավաստի. «Ցանկության դեպքում կարելի է օբյեկտիվ և արագ փորձաքննություն իրականացնել, եզրակացությունը տալ»։

Իսկ թե արդյոք մինչ փորձաքննության եզրակացության ստացումը կրկին կմիջնորդեն՝ փոխելու խափանման միջոցը՝ նկատի ունենալով առողջական վիճակում բացասական դինամիկան, փաստաբանը նշեց՝ տեսականորեն կարող է, նախկինում արդեն միջնորդել է, սակայն դատարանը միջնորդությունը կրկին հետաձգել է՝ մինչև փորձաքննության եզրակացության ստացումը։

--00—ՅՄ