Արցախի շրջափակման հետևանքով ՀՀ-ում մնացած արցախցիների կեցության ծախսերի համար 115 մլն դրամ կհատկացվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

փող

Կառավարությունը հունվարի 12-ի նիստում որոշեց 2022թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի 506 քաղաքացիների կեցությունը և սնունդը ապահովելու համար փոխհատուցում հատկացնել։

Ըստ նախագծի հիմնավորման՝ 2022-ի դեկտեմբերի 12-ից սկսած՝ Լեռնային Ղարաբաղի մի շարք քաղաքացիներ դիմել են ՀՀ-ում ԼՂ-ի օպերատիվ շտաբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գրասենյականեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով կեցություն չունենալու խնդրով և վերջիններս քաղաքացիներին տեղավորել են տարբեր հյուրանոցներում, այդ թվում՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի հյուրանոցներում։

«Դեկտեմբերի 12-ից սկսած՝ Երևան քաղաքի և Գորիս համայնքի շուրրջ 17 հյուրանոցներում հյուրընկալվել է շուրջ 506 քաղաքացի, այդ թվում՝ Երևան քաղաքի 3 հյուրանոցում՝ 100, իսկ Գորիս համայնքի 14 հյուրանոցում 406 քաղաքացի։ Հյուրանոցների կողմից մատուցված ծառայությունների արժեքը առ 09.01.22թ. կազմում է 142 011 500 ՀՀ դրամ։ ՀՀ Սյունիքի մարզպետարանի կողմից վճարվել է 27 160 600 (քսանյոթ միլիոն հարյուր վաթսուն հազար վեց հարյուր) ՀՀ դրամ, որից 9 387 600 ՀՀ դրամը ՀՀ պետական բյուջեից (ՀՀ կառավարության 22.12.2022թ. N 2049-Ն որոշում), 17 773 000 ՀՀ դրամը՝ ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի միջոցներից: Հյուրանոցներին վճարման ենթակա գումարը 09.01.22թ. դրությամբ կազմում է 114 850 900 ՀՀ դրամ»,-նշվում է նախագծում:

Ըստ այդմ՝ նախատեսվում է նաև Երևանի քաղաքապետարանին հատկացնել 18650.0 հազ. դրամ սուբվենցիա, իսկ ՀՀ Սյունիքի մարզպետարանին՝ 96200.9 հազ. դրամ «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով։

--00—ԼՄ