Թուրքիան կասետային ռումբեր է մատակարարում Ուկրաինային․ Foreign Policy

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

kapak_122702

Թուրքիան անցյալ տարվա նոյեմբերից Կիևին մատակարարում է կասետային ռումբեր, որոնք արտադրվել են սառը պատերազմի ժամանակաշրջանում՝ ԱՄՆ-ի հետ համատեղ արտադրության համաձայնագրով: Այս մասին հայտնում է «Foreign Policy» թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և Եվրամիության անանուն աղբյուրներին, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Կասետային ռումբը պայթում է օդում և ցրում տասնյակ կամ հարյուրավոր ավելի փոքր ռումբեր: Չպայթած զինամթերքը լուրջ վտանգ է ներկայացնում, և դրանց օգտագործումը խաղաղ բնակչության շրջանում մեծ զոհերի է հանգեցնում։ 2010-ի օգոստոսին ընդունված Օսլոյի կոնվենցիայի համաձայն՝ կասետային զինամթերքի օգտագործումն արգելված է:

«Զենքի առաջին խմբաքանակը նախատեսված է տանկեր ոչնչացնելու համար»,- ասվում է հոդվածում:

Նշվում է նաև, որ Ուկրաինան մի քանի ամիս անհաջող կերպով փորձում էր կասետային ռումբեր ստանալ ԱՄՆ-ից։

«Երբ Միացյալ Նահանգները մերժեց Կիևին, Թուրքիան դարձավ միակ երկիրը, որտեղից ուկրաինացիները կարողացան այն ձեռք բերել»։

Թուրքիան, սակայն, հերքել է այդ պնդումները, իսկ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել է, թե դժվար է ասել՝ նմանատիպ լուրերն արժանահավատ են, թե ոչ, բայց Ռուսաստանը հետևում է զարգացումներին, իսկ ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա Ռուսաստանն ու Թուրքիան իրար հետ կապված են փոխադարձ շահերով, հարգանքով և փոխըմբռնմամբ։

--00—ՅՄ