Արցախում ապրանքները կտրամադրվեն կտրոնով. մանրամասներ նախատեսվող ծրագրից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

image_750x_63b719a994421.jpg

Արցախում ապրանքները կտրոնով տրամադրելու համակարգի (ծրագրի) աշխատանքը ղեկավարելու է օպերատիվ շտաբը, կտրոնները սկզբնական շրջանում տրամադրվելու են առաջանային օգտագործման ապրանքների համար։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը։ Առաջնային ապրանքներն են՝ մակարոնեղենը, բրինձը, հնդկաձավարը, շաքարավազը և ձեթը, որոնք տրվելու են իրավիճակին համապատասխան սահմանափակ քանակով։

Ստեփանակերտում նախատեսվում է կտրոնների տրամադրման համար մոտ 2 տասնյակ կետ բացել, իսկ շրջկենտրոններում՝ 2-ական։ Գրիշա Հովհաննիսյանի խոսքերով, հունվարի 17-ից նախատեսվում է տրամադրել կտրոնները․ «Ինչ-որ ժամանակահատվածում յուրաքանչյուր մարդ ցանկացած խանութից կկարողանա ապրանք վերցնել։ Կտրոնի վրա նշված է լինելու, թե ինչ ժամկետում կարող ես ապրանք ստանալ»։ Շուշիի ղեկավարը նշեց նաև, որ ապրանքների տեսականու հետ կապված լուրջ խնդիր կա Լաչինի միջանցքի փակման պատճառով։

Անդրադառնալով Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի հարցին՝ Հովհաննիսյանն ասաց, որ բնակչությունն ամեն ինչով ապահովված է ի տարբերություն մյուսների։ «Գյուղերը կապն ունեն Հայաստանի հետ, ամեն կերպ օգտվում են Գորիսից։ Ինչպես առաջ էին ապրում առօրյա կյանքով, նույնն էլ հիմա։ Հեռախոսակապ կա, շփվում ենք, ինչի կարիք կա, Գորիսի միջոցով լուծում ենք։ Մինչեւ բլոկադան ոնց ապրում էին, նենց էլ այժ։ Դեռ մի քանի անգամ ավելի լավ են ապրում, քան մենք»,- եզրափակեց Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԶՀ