Շրջափակումը փոխել է նոր կառավարության ձևավորման ընթացքը, բայց սահմանված նպատակները մնում են նույնը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

06.thumb_

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր Գյուղատնտեսության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության կառավարության մամուլի ծառայությունից։

Ներկայացնելով գյուղատնտեսության նորանշանակ նախարար Հրանտ Սաֆարյանին, ով մինչ այս Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենն էր, պետնախարարը ընդգծել  է շրջափակման պայմաններում  հիմնադրամի և նրա ղեկավարի շուրջօրյա ծանրաբեռնված աշխատանքը: Նա նաև շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Տիգրան Առստամյանին՝ այս բարդ փուլում պատասխանատվություն ստանձնելու և ոլորտը ղեկավարելու համար:

«Ոլորտային բարեփոխումները շարունակվելու են, և Գյուղատնտեսության նախարարությունն ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը պետք է սերտ աշխատանք իրականացնեն, որպեսզի ապահովենք զարգացումը: Հիմնադրամը դարձնելու ենք ոլորտի շարժիչ ուժը, որովհետև գյուղատնտեսությունը մեր երկրի ռազմավարական ուղղություններից մեկն է»,- ասել է պետնախարարը:

Ներկայացնելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Սուրեն Գալստյանին՝  Ռուբեն Վարդանյանը  հատուկ ընդգծել է  նախարարության դերը, որի համակարգման ներքո են գտնվում մի շարք կարևոր ուղղություններ: Նա նաև շնորհակալություն է հայտնել նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Բեգլարյանին՝ համատեղ աշխատանքի համար:

Պետնախարարը նկատել է, որ շրջափակումը  թեև փոխել է նոր կառավարության ձևավորման ու նախատեսված կառուցվածքային փոփոխությունների ընթացքը, բայց սահմանված նպատակներն ու առաջնահերթությունները մնում են նույնը: «Արդյունավետ կառավարման, արդարության վերականգնմանն ուղղված համառ աշխատանքներով շարունակելու ենք մեր պայքարը»- նշել է Ռուբեն Վարդանյանը:

--00—ՅՄ