Վարդանյանը պարենային անվտանգության հարցեր է քննարկել արտադրող ընկերությունների ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

photo_2022-12-27_12-53-05

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպել է առաքող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ՝ տեղեկանալու Ադբրեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում  նրանց խնդիրների մասին, ինչպես նաև քննարկելու պարենային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության կառավարության մամուլի ծառայությունից։

Խորհրդակցության մասնակիցները պետնախարարին հավաստիացրել են, որ շրջափակման իրավիճակում իրենց համար առաջնային է հանրային ու պետական շահը, և պատրաստակամություն են հայտնել կառավարության հետ համագործակցված աշխատել՝ ճգնաժամին  միասնաբար դիմակայելու համար:

Գործարարներն առաջարկել են նաև անհրաժեշտության դեպքում դիտարկել իրենց տնօրինության տակ գտնվող ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունը՝ առկա պաշարները պահպանելու և համաչափ բաշխելու հարցում:

Ռուբեն Վարդանյանը ողջունելի է համարել նրանց մոտեցումն ու դիրքորոշումը՝ ընդգծելով  այս բարդ իրավիճակում առկա խնդիրների քննարկման և համատեղ լուծումներ գտնելու կարևորությունը:

--00—ՅՄ