Արցախի ԱԺ նիստի օրակարգային հարցերից էր Լաչինի միջանցքի շրջափակման մասին հայտարարության ընդունումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

l-NC7tHQZcx9

Դեկտեմբերի 22-ին հրավիրվել է ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի հերթական նիստը: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Օրակարգի առաջին հարցը պարտադիր քննարկման ենթակա «Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումն էր:

Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ բյուջեի նախագծի վերաբերյալ նախնական քննարկումների արդյունքում միայն ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի կողմից է ներկայացվել 2 առաջարկություն:

Նախագիծը դրական եզրակացությամբ ամփոփվել էր ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի ու պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերում։

Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումն ընդմիջվել է պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները 24 ժամվա ընթացքում ներկայացնելու նպատակով։

Իսկ 2023թ․ պետական բյուջեի շուրջ քննարկումները շարունակվելու են դեկտեմբերի 29-ին։

2023 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ մտքերի փոխանակությամբ հանդես է եկել ԱԺ նախագահ Ա․ Թովմասյանը։ ԱԺ նախագահն առաջարկել է խորհրդարանի խմբակցություններին 2023թ.պետբյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունների շրջանակում ԱՀ կառավարությանը ներկայացնել գազի սակագնի սուբսիդավորման մասին առաջարկություն:

Հանրապետության ֆինանսատնտեսական գլխավոր փաստաթուղթը նախապես արժանացել էր գլխադասային հանձնաժողովի հավանությանը:

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր «Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հարցով միջազգային արձագանքների մասին» Ազգային ժողովի հայտարարության ընդունմանը:

Հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը: Ազգային ժողովի հայտարարությունը ընդունվել է միաձայն:

Նիստն ամփոփվել է պատգամավորներ Մետաքսե Հակոբյանի, Արամայիս Աղաբեկյանի և Դավիթ Մելքումյանի հայտարարություններով:

--00—ՅՄ