Հռոմի պապը մտահոգ է միջանցքի փակմամբ ԼՂ-ում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

նկար

Դեկտեմբերի 18-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը Ս․ Պետրոսի տաճարի հրապարակում հազարավոր հավաքվածների ներկայությամբ իր անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և հորդորել կողմերին «մարդկանց բարօրության համար խաղաղ լուծումներ գտնել»:

Հռոմի Պապը մասնավորապես նշել է. «Սիրելի քույրեր և եղբայրներ, ես անհանգստացած եմ Հարավային Կովկասում գտնվող Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մասնավորապես մտահոգ եմ բնակչության մարդասիրական ծանր պայմանների առնչությամբ, որոնք սպառնում են էլ ավելի վատթարանալ ձմեռային եղանակի պայմաններում: Իմ խնդրանքն է բոլոր ներգրավվածներին պարտավորվել խաղաղ լուծումներ գտնել՝ հանուն ժողովրդի բարօրության»։

Հռոմի Քահանայապետի հնչեցված այս մտահոգությանն է անդրադարձել Սուրբ Աթոռի պաշտոնաթերթ հանդիսացող «Վատիկան Նյուզը» ՝ տպագրելով հոդվածներ Ադրբեջանի կողմից թշնամական գործողությունների արդյունքում հումանիտար ճգնաժամի եզրին հասցրած Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության իրավիճակին, այդ թվում՝ 30 հազար երեխաներին, ովքեր ներկայումս մեկուսացված են և զրկված են սննդից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության պարագաներից, անդրադառնալով նաև միջազգային հանրության արձագանքներին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10։30-ից, «բնապահպան» ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող Գորիս-Ստեփանակերտ մայրուղին (Լաչինի միջանցք) Շուշի–Քարին տակ հատվածում։ Ադրբեջանցիներն այդ օրվանից վրաններ են խփել ու գիշերում են տեղում՝ շարունակելով հավաքը։ Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախի հիմնական հատվածից կտրվել են Շուշիի շրջանի՝ արցախյան վերահսկողության ներքո գտնվող Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերը։ 

--00—ԼՄ