Օտարերկրյա որոշ քաղաքացիներին պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն կտրամադրվի․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

կառավարության շենք

«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարությունը մտադիր է օտարերկրյա քաղաքացիներին եւս պետական եւ ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվություն տրամադրել։ Ըստ այդմ՝ փոփոխություններ են նախատեսում ՀՀ կառավարության 1997 թ․ նոյեմբերի 29-ի որոշման մեջ։ Նախագծի հեղինակները նման փոփոխության ընդունումը բացատրել են այսպես․

«Առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ պետական մարմինների հետ անմիջականորեն աշխատող կազմակերպությունների՝ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատակիցները պետք է առչնվեն պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին, սակայն, գործունեության առանձնահատկություններով պայմանավորված, չեն բավարարում ՀՀ կառավարության 1997 թ․ նոյեմբերի 29-ի որոշմամբ հաստատված կարգի պահանջներին (օրինակ՝ չունեն կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ կամ ՀՀ-ում բնակվել են սահմանված ժամկետից քիչ), հետեւաբար, նրանց հնարավոր չի լինում տրամադրել պետական եւ ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք»:

Պետական եւ ծառայողական գաղտնիքին իրազեկվելու իրավունք տալու է ՀՀ վարչապետի աշխատակազմը: Հիշեցնենք, որ մեկ այլ նախաձեռնությամբ նախատեսում են ընդլայնել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների ցանկը։ Այսինքն՝ այն, ինչ չի կարելի իմանալ ՀՀ քաղաքացիներին, թույլատրվելու է օտարերկրյա լրտեսներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

--00--ԱՀ